Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Հասարակություն
14:15 20/05/2024
Հայաստան

Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի

Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։

«Հացի մեքենան եկել է, չեն թողել անցնի, մարդ ենք ուղարկել, որ գնա, բերի իր մեքենայով»,- լրագրող Անի Գևորգյանին պատմել է խանութի աշխատակիցը։

Նա ասել է, որ նաև մյուս ապրանքներ բերող մեքենան թույլ չեն տվել մուտք գործել, հետ է դարձել։
Հարցին՝ ասե՞լ են, թե քանի օր կտևի այս վիճակը, նա պատասխանել է.«Մենք ով ենք, որ մեզ բան ասեն, տեղյակ պահեն»։

Հիշեցնենք, որ արդեն քանի օր թույլ են տալիս Կիրանց մուտք գործել միայն կիրանցիներին, մյուս քաղաքացիների, այդ թվում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավորների մուտքը գյուղ արգելում են։

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի. ««Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»։

 

Placeholder
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի