Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին
Մշակույթ
22:31 25/05/2024
Աշխարհ

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին:

«Ոսկե արմավենու» ճյուղի համար պայքարում էին 22 ֆիլմեր։

Կաննի քննադատները ջերմորեն են ընդունել ֆիլմը՝ այն անվանելով «Սիրունկը» ֆիլմի ռեալիստական տարբերակը։ Երբ Բեյքերն ընդունել է մրցանակը, այն նվիրել է բոլոր  սեքս աշխատողներին։

Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։  Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառնալիքի ներքո,  քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:

Միջազգային պարբերականներից մեկը ֆիլմի մասին գրել է՝ Կաննի դեռևս չմշակված գոհարը, որն արդեն բավականին մեծ արձագանք է գտել։ Այն  ֆիլմ է երկու մշակույթների (ռուսական և ամերիկյան), երկու լեզուների (ռուսերեն և անգլերեն) և երկու արժեքների (փողի և սեքսի) մասին: Այն պատմում է, թե ինչպես են տարբեր աշխարհների երիտասարդները սիրահարվում, բախվում բազմաթիվ  խոչընդոտների և հաղթահարում դժվարությունները։

Ի դեպ, Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։

Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխաբոր թեման։

Placeholder