«Ժողովուրդ».  ՔՊ-ն որոշել է «հաշվեհարդար» տեսնել Հայ առաքելական եկեղեցուց
Օրվա մամուլ
09:16 06/06/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ն որոշել է «հաշվեհարդար» տեսնել Հայ առաքելական եկեղեցուց

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՔՊ-ն, գործի դնելով ձեռքի տակ ունեցած ողջ ռեսուրսները, որոշել է «հաշվեհարդար» տեսնել հայ առաքելական եկեղեցուց: Թեև «թավշյահեղափոխականները» դեռ 2018թ-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո էին արշավ սկսել ըննդեմ Հայոց եկեղեցու և Վեհափառի՝ «նոր Հայաստան, նոր հայրապետ»… բայց այն բանից հետո, ինչ Եկեղեցին իր բողոքի ձայնն է բարձրացնում հայրենիքի մաս-մաս հանձնման դեմ, ՔՊ-ականներն այլևս անթաքույց ու ամբողջ ռեսուրսով հարձակման են անցել ընդդեմ եկեղեցու:

Նախ տարբեր առիթներով հեգնում և թիրախավորում են Վեհափառին և հոգևորականներին, խայտառակ ձևով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին:
Այս ամենը, սակայն, ՔՊ-ին բավարար չէ, որոշել են տարբեր միջոցներով կռիվ տալ եկեղեցու դեմ:
Երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ԱԺ ամբիոնից 2021 թվականին հպարտորեն հայտարարում էր, որ աթեիստ է, առաջարկել է փակել հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթ» հեռուստաալիքը, որով հիմնականում Աստվածաշնչյան և կրոնական հաղորդումներ են ցուցադրվում:

ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է «Շողակաթին» հատկացվող գումարը տրամադրել իրենց «խոսափողը» հանդիսացող Հ1-ին:

«Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես», – երեկ ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Այս ամենից կարող ենք մի հետևություն անել՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գրեթե բոլոր ոլորտների հետ «հաշվեհարդար» տեսել է, հիմա հերթը հասել է եկեղեցուն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder