Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սյունիք մարզում ֆերմերները խնդիր ունեն «Ժանգ» (Pucciniales) հիվանդության հետ կապված.Հարություն Մնացականյան
Գյուղատնտեսական տարին սկսվեց առատ տեղումներով, ինչի արդյունքում 2024 թվականին ջրի պահանջարկը Սևանա լճից բարձր չի լինի, սակայն բազմաթիվ են նաև կարկտահարության դեպքերը։ Ֆերմերները նաև դժգոհություն էին հայտնում որոշ մշակաբույսերի ցանքի սուբսիդավորման կառավարության ծրագրից, այն համարելով ոչ նպատակային և ժամանակավրեպ։ Ընթացիկ տարում հայ ֆերմերներն ի՞նչ են նախընտրել ցանել։ Panorama.am-ը վերոնշյալ հարցերը փորձեց պարզել հենց ֆերմերներից և ոլորտի մասնագետներից։
Շիրակի մարզից ֆերմեր Միշա Ղազարյանն ասաց, որ այս տարի հիմնականում ցանել են վարսակ։
«Ցորենն այս տարի քիչ է, գարի են շատ ցանել, քանի որ կառավարությունը սուբսիդավորեց այն և շատերը գարի ցանեցին։ Կարտոֆիլ էլ շատ ցանվեց, որովհետև, նախորդ տարի չվաճառվեց և գյուղացիները ստիպված այն սերմացու արեցին ու ցանեցին»։
Ֆերմերը հայտնեց, որ սուբսիդավորվել է նաև եգիպտացորենը, բայց գյուղացիները շատ չեն օգտվել դրանից, հիմնականում ցանել են այն ֆերմերները, որոնք մեծ անասնապահական տնտեսություններ ունեին, իսկ վերջիններս շատ չեն և ցանքի տարածքներն էլ փոքր են։
Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանը Panorama.am-ին հայտնեց. «Այս տարի, նախորդ տրավա համեմատ աշնանացան ցորենը մոտ 30%-ով պակաս է ցանվել։ Նույն պատկերն է նաև գարնանացան ցորենի մասով, քանի որ դրա համար պետական աջակցության ծրագիրը բավականին ուշ մեկնարկեց։
Սյունիք մարզում հիմնականում խնդիր կա «Ժանգ» (Pucciniales) հիվանդության հետ կապված և մարդիկ փորձում են ԱԹՍ-ներով բուժում իրականացնել, որպեսզի իրենց ցորենի բերքը չկորցնեն։
Այգեգործության առումով էլ պատկերը տխուր է, քանի որ այդքան կարկտահարություն եղավ և այլն»։
Նշենք, որ գարնանացան ցորենը Հայաստանում կազմում է ցորենի ցանքատարածքների միայն 10%-ը և կառավարության աջակցության ծրագիրը չէր կարող արդյունավետ լինել։
Հարություն Մնացականյանը նաև հայտնեց, որ նախորդ տարի մնացած կարտոֆիլի ավելցուկի մի մասը շատ էժան գներով վաճառվել է որպես անասնակեր, իսկ մի մասն էլ ստիպված ցանել են, բայց այս տարի նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի ցանքատարածություններն ավելի քիչ կլինեն։
Մարքեթոլոգի տեղեկացմամբ, այս տարի հայ ֆերմերները կարտոֆիլի իրացման խնդիր չեն ունենա, քանի որ Ռուսաստանում 7-8 մարզում կարտոֆիլի ցանքատարածություներն ամբողջովին ցրտահարվել են։