Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալեն Սիմոնյան. Ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակները
«Բագրատ Գալստանյանը դրսում հայտարարել է, ԶԼՄ-ների համաձայն, այստեղ մենք իրար ծեծում ենք՝ ուղղորդելով մարդկանց գրոհել ոստիկաններին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ դրանից հետո քաղաքացիները սկսել են Սիրահարների այգու միջոցով փորձել ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս։
«Ոստիկանությունն արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակները։ Այս ամենը կազմակերպվել և նախատեսվել է շատ վաղուց»,- ասաց Սիմոնյանը։
Նա առաջարկեց պատգամավորները հանեն իրենց հարցերը, նիստը դադարեցնեն։
Իրավիճակը ԱԺ նիստերի դահլիճում կրկին լարվեց, պատգամավորները բղավում են։
Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին ու հայտարարեց. «Խնդրում եմ Ազգային ժողովի բնականոն աշխատանքը ապահովել։ ԱԺ պատգամավորները հարցեր ունեն, ես պատրաստ եմ պատասխանել հարցերին»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մոտեցավ Փաշինյանին ու հեռախոսով ցույց տվեց, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ մոտ րոպեներ առաջ ու հենց այդ պահին։
Փաշինյանն ասաց. «Ինչպես հիմա, այնպես էլ կես ժամ առաջ Հայաստանի ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթերը՝ խստիվ օրենքի շրջանակներում»։
«Ձեր սերը սպանում է մարդկանց ու Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
ՔՊ-ական պատգամավորները հանում են իրենց հարցերը։