«Լիդիան Արմենիա»-ն սահմանված ժամկետում կառավարությանը չի փոխանցել իր բաժնետոմսերի 12,5 %-ը
Տնտեսություն
11:28 14/06/2024
Հայաստան

«Լիդիան Արմենիա»-ն սահմանված ժամկետում կառավարությանը չի փոխանցել իր բաժնետոմսերի 12,5 %-ը

Գործադիրն այսօր չզեկուցվող որոշման նախագծով երկարաձգեց «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12,5 %-ը ՀՀ կառավարությանը նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը։

Հիշեցնենք, որ պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 22-ին, իսկ որոշմամաբ նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։

Ժամկետի հետաձգման պատճառն այն է, որ կառավարությունը դեռ չի ստացել «Լիդիան Արմենիա» ընկերության խոստացած 12,5 % բաժնեմասը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։

««Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը»,-ասվում է նախագծում։

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի, էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև ստորագրված հուշագրով բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք իր բաժնետոմսերի 12,5 %-ը նվիրատվությամբ հանձներ ՀՀ կառավարությանը։

Placeholder