Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
Քաղաքական
20:15 16/06/2024

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մտահոգություն է հայտնել, հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործողությունների առիթով։ Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Հունիսի 12-ին Երևանում շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց, ներառյալ տասնյակ ծխային և ձայնային նռնակներ՝ ուղղված ուղիղ ժքզքվրդի վրա, վիրավորելով մոտ հարյուր մարդ, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների լրագրողների: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնում են, որ ոստիկանները թեթև վնասվածքներ են ստացել։

Տագնապալի փաստ է, որ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտպանեցին ոստիկանության այս գործողությունները։

Ինչպես բազմիցս նշել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաև կարևոր գործիքներ են ցեղասպանությունը կանխելու համար, քանի որ այս իրավունքները մարդկանց և համայնքներին հնարավորություն են տալիս բարձրաձայնել անարդարության դեմ և պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից: Ապահովելով իրենց մտահոգությունները բարձրաձայնելու և հավաքվելու մարդկանց իրավունքները՝ հասարակություններն ավելի լավ պատրաստ կլինեն լուծելու և մեղմելու այն գործոնները, որոնք նպաստում են ցեղասպանությանը:

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ, որը հակասում է խաղաղությանը, ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքներին Հայաստանի հռչակած հավատարմությանը: Այդ հանձնառությունը պետք է նշանակի խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքների պաշտպանություն, այլ ոչ թե բռնության և արյունահեղության միջոցով այլախոհության ճնշում»:

Placeholder