Երաժշտության տոնը կնշեն Գորիսում
Մշակույթ
15:29 18/06/2024
Հայաստան

Երաժշտության տոնը կնշեն Գորիսում

Հունիսի 21-ին երաժշտությունն ամենուր է և հասանելի բոլորին։ 1982թ․-ից ի վեր, Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տարվա ամենաերկար օրը՝ ամառային արևադարձին, նշվում է Երաժշտության տոնը։ Նպատակն է տոնել երաժշտությունը, դրա բազմազանությունը՝  հանրությանը մատուցելով անվճար, բացօթյա համերգներ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են՝ իր քառասնամյա պատմության ընթացքում տոնը հատեց ազգային սահմաններն ու վերածվեց հիրավի միջազգային տոնախմբության։ 5 մայրցամաք, 120 երկիր․ 1000-ից ավելի քաղաք․ անցկացվում են կենդանի հնչողությամբ համերգներ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական երաժիշտների մասնակցությամբ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն / Ֆրանսիական ինստիտուտը 17-րդ տարին անընդմեջ հրավիրում Է ֆրանսիական մշակութային օրակարգի այս կարևոր միջոցառումը նշելու։ Այս անգամ Գորիսում՝ Գրիգոր Տաթևացու հրապարակում, ժամը 19:00-ից սկսած կենդանի կատարումներով հանդես կգան հայկական նոր բեմի երկու առաջատար խումբ՝ Dialog Music Project-ը և Հող Արթունը։

Dialog Music Project-ի հիմնադիրը շեփորահար Տիգրան Սուչյանն է։ Խմբի երաժշտությունը կտանի երաժշտական մի ճամփորդության, որտեղ ջազը, հիփ-հոփը և քաղաքային ֆոլկլորը հանդիպում են՝ ստեղծելու շարժումներով, ռիթմով և գույներով հարուստ երաժշտություն:

Այնուհետև կընկղմվեք Հողի և Արթուր Ալեքի կողմից ստեղծված նորարար դուետի՝ Հող Արթունի գրավիչ աշխարհում: 2021 թ․-ից նրանք միաձուլում են ավանդական և էլեկտրոնային երաժշտությունը՝ նոր թարմություն և խորություն հաղորդելով հայ երաժշտարվեստին։

Համերգի մուտքն ազատ է։

Placeholder