Մեկ շաբաթում կարմրուկի 20 նոր դեպք է գրանցվել
Օրվա թեմա
14:58 18/06/2024
Հայաստան

Մեկ շաբաթում կարմրուկի 20 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում կարմրուկը նահանջելու փոխարեն տարածվում է առավել ինտենսիվ կերպով։ Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է հիվանադացության 20 նոր դեպք։ ՀՎԿԱԿ հրապարակած տվյալները համադրելով՝ Panorama.am-ը պարզեց, նրանցից 9-ը երեխաներ են։

Համեմատության համար նշենք, որ հունիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել էր հիվանդացության 10 նոր դեպք։

Այս տարվա ընթացքում հիվանդության դեպքերի թիվը հասել է 472-ի, այն պարագայում, երբ 2023-ի ողջ ընթացքում  գրանցվել էր 545 դեպք։

Կարմրուկով հիվանդացածների գերակշռող մասը՝ 281-ը երեխաներ են։ Այս պահին հոսպիտալացված է 3 հիվանդ։


Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։

Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական  բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։

Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները:

Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, որը կարմրուկային էնցեֆալիտի դանդաղ ընթացող ձևն է, որն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը և մի քանի ամիս հետո բերում է հիվանդի մահվան:

Placeholder
Մեկ շաբաթում կարմրուկի 20 նոր դեպք է գրանցվել