Թուրքիան թույլ չի տա, որ Ստամբուլը դառնա երկրորդ Վատիկան.Դևլեթ Բահչելի
Քաղաքական
14:43 25/06/2024
Աշխարհ

Թուրքիան թույլ չի տա, որ Ստամբուլը դառնա երկրորդ Վատիկան.Դևլեթ Բահչելի

Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսի կարգավիճակը որոշվում է թուրքական օրենսդրությամբ, Թուրքիան չի ճանաչում նրա «էկումենիկ կարգավիճակը» և թույլ չի տա, որ Ստամբուլը վերածվի երկրորդ Վատիկանի։ Այդ մասին հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին՝ ելույթ ունենալով խորհրդարանում, որը հեռարձակվել է TRT Haber հեռուստաալիքով։

Նա նման ձևով մեկնաբանել է Շվեյցարիայի Բուրգենստոկ քաղաքում Ուկրաինայի հարցով կոնֆերանսին Բարդուղիմեոսի մասնակցությունը, ով այնտեղ ներկայացվել է որպես «էկումենիկ պատրիարք»։ Այդ «հավաքին Պոլսո պատրիարքն» ելույթ է  ունեցել և ստորագրել եզրափակիչ կոմյունիկեն։

«Համաժողովում անտեսվել է Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը։ Հունական Կոստանդնուպոլսի պատրիարքության կարգավիճակն ակնհայտ է։ Այն վարչականորեն ենթակա է Ստամբուլի Ֆաթիհ շրջանի պրեֆեկտուրային, իսկ ընտրված պատրիարքը Թուրքիայի քաղաքացի է։ Թուրքիայում չկա այնպիսի վայր, ինչպիսին Կոստանդնուպոլիսն է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Բահչելին:

Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով համաժողովի կազմակերպիչներից բացատրություն է պահանջել՝ կապված եզրափակիչ հռչակագրի տակ Բարդուղիմեոսի ստորագրության առկայության հետ։ Նախարարությունն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Կոստանդնուպոլսի պատրիարքի կարգավիճակի վերաբերյալ մնում է անփոփոխ և այն չի ճանաչում Բարդուղիմեոսի կոչումը որպես «Տիեզերական պատրիարք»։ Թուրքական իշխանությունները վկայակոչում են 1923 թվականի Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը սահմանում է Ֆանարի պատրիարքի (տարածքը, որտեղ գտնվում է պատրիարքարանը) որպես Թուրքիայի հույն ուղղափառ համայնքի ղեկավարի կարգավիճակը։
 

Placeholder