ԿԳՄՍ նախարարությունն է մեր թատրոնն այս օրին հասցրել. Ստեփանակերտի Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն
Մշակույթ
14:03 27/06/2024
Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունն է մեր թատրոնն այս օրին հասցրել. Ստեփանակերտի Փափազյանի անվ.պետական թատրոնի տնօրեն

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը Հայաստանում  վերագրանցվել է այլ անունով՝ «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակեպություն, գործունեությունը շարունակելու որևէ հնարավորություն չունի։

«Զրոյական վիճակ է, ոչ մի հարց չի լուծվել։ Ունենք խաղացանկ, որ կարող ենք խաղալ, ուղղակի ոչ տեղ ունենք, ոչ հնարավորություն։ Ֆինանսավորում չկա, հովանավորներ, աջակիցներ չկան, պայմաններ չկան փորձեր անելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց   «Վահրամ Փափազյանի անվան արցախյան թատերարվեստի պահպանման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակեպության նախագահ Արմեն Հարությունյանը։

Նա նշեց, որ փորձում են կամաց-կամաց ինչ-ինչ խնդիրներ լուծել գործունեություն ծավալելու համար, սակայն դեռևս ամեն ինչ անորոշ վիճակում է. «Ասացի՝ որևէ ֆինանսավորում, օգնություն չկա, աջակցություն չկա, մենակ խոսակցության մակարդակում է։ Գիտենք, որ այդ ամենը սուտ է, մնում է միայն խոսակցության մակարդակի վրա, խոստումներ են տալիս ու վերջ»։

«Թատերախումբը պահելու համար պետք է ֆինանսավորում լինի, որ կարողանանք աշխատավարձ տալ դերասաններին, անձնակազմին։ Հիմա մեր դերասանները սերիալներում կամ այլ թատրոններում են խաղում»,- ասաց Ա. Հարությունյանը։

Նա ԿԳՄՍ նախարարություն դիմելու իմաստ չի տեսնում. «Ի՞նչ իմաստ կա։ Իրենք են թատրոնն այս օրին հասցրել։ Այնպես չէ, որ ուզում են մեզ ինչ-որ հարցով աջակցել ու չեն կարողանում աջակցել։ Հրահանգ ունեն՝ ընդհանրապես մենք չլինենք։

Ահավոր է, որ հայկական պետությունում հայկական մշակութային կենտրոնները, միայն մեր թատրոնը չէ, Արցախի բոլոր մշակութային ՊՈԱԿ-ները,  փակված վիճակում են։ Ամեն մեկը փորձում է մի բան անել, հովանավոր գտնել, բայց պետական մոտեցում է պետք դրա համար»։

 

Placeholder