Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքական
11:41 28/06/2024
Հայաստան

Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Մեր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ շատ սկզբունքային է: Այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում»,- ՀՀ-ում Իրանի դեսպանությանը լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի  արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Իրանում ընտրությունների արդյունքը Հայաստանի հետ հարաբերություններում որևէ փոփոխություն կարող է բերել։

Հիշեցնենք, որ այսօր Իրանում  նախագահական արտահերթ ընտրություններ են, որոնք նշանակվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ողբերգական ավիավթերի հետևանքով երկրի նախագահի մահվանից հետո։

Դեսպանը նշեց, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ հնչեցրվել է  Իրանի հեղափոխության առաջնորդի կողմից, այդ քաղաքականություն նաև ընդգծվել է վերջերս վարչապետի՝ Իրան կատարած այցի ընթացքում։ 

«Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցում ենք դրան: Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը:

Այդ սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, թե Իրանում ու Հայաստանում կառավարությունները կարող են փոխվել:

Մեզ համար Հայաստանը շատ կարևոր երկիր է, մեր լավ ու ազնիվ հարևան է: Երկու երկրների անվտանգությունն ու շահերը շաղկապված են միմյանց: Այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող ազդվել կառավարությունների փոփոխությամբ»,- ասաց դեսպանը:

Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագերսիայի դեպքում, մասնավորապես Սյունիքի ուղղությամբ, Իրանն ինչպիսի՞ գործողությունների կարող է դիմել, դեսպանը պատասխանեց. «Նրանք պետք է սպառնալիքի լեզվով չխոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ մեր համագործակցության ձևին, դա կախված է Հայաստանի կառավարությունից: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ։

Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել Հայաստանի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածության և ընկալումների վրա»:

Placeholder
Ադրբեջանը չպետք է սպառնալիքի լեզվով խոսի, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է. ՀՀ-ում Իրանի դեսպան