«Ժողովուրդ».  Բողոքում են «Ն և Ս քոնսթրաքշն» և «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ներից տուն գնած քաղաքացիները
Օրվա մամուլ
08:54 03/07/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Բողոքում են «Ն և Ս քոնսթրաքշն» և «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ներից տուն գնած քաղաքացիները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ն և Ս քոնսթրաքշն» և «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները Դավթաշեն թաղամասի Անաստաս Միկոյան 64 հասցեում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր են կառուցում` պայմանական՝ «Դավթաշեն Սիթի» թաղամաս անվամբ, 6 մասնաշենքից բաղկացած:

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել համալիրում տուն գնած քաղաքացիներից առ այն, որ կառուցապատողն իրենց տան վկայականները չի տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Երևանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի տրվում այդ շենքերի համար ավարտական փաստաթուղթը, որի հիման վրա կառուցապատողը կարողանա սեփականության վկայականներ ձեռք բերել:

Ի պատասխան` ստացանք հետևյալը. «Տեղեկացնում ենք, որ 05.06.2024 թվականին կառուցապատող «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (ոչ թե KR CONSTRUCTION) Միկոյան 64 հասցեի բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի համար տրվել է ավարտական ակտ»: Երբ է տրվել` քաղաքապետարանը չի նշել:

Բանն այն է, որ այս տարածքում շինարարություն են անցկացնում 2 ընկերությունները համատեղ։

Կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը: Հիշեցնենք` «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի և 4 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր՝ թերևս շինթույլտվությունների կամ այլ մի բանի համար, որոնց մասով մամուլը ժամանակին անդրադարձել էր:

Ըստ «Հետք»-ի՝ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նաև Ֆիրդուսու թաղամասի կառուցապատողներից է: Դրա քույր` «ԿաԷռ մայնինգ» ՍՊԸ-ն 2-րդ, 4-րդ և 5-րդ լոտերի սեփականատերն է, բայց Դավթաշենի կառուցած շենքերի վկայականները հապաղում է տալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder