Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը
Իրավունք
16:10 03/07/2024
Հայաստան

Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում Քննչական կոմիտեի ու ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից իրականացրած անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողությունների հետևանքով ձերբակալվել են շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ։

Panorama.am-ի տեղեկություններով, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։

Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից, մինչ այդ եղել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:

Ըստ մամուլի, ձերբակալված է նաև նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2018թ. դեկտեմբերի 19-ից։

Ավելի վաղ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ  քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային  վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

Placeholder
Ձերբակալվել է Արաբկիրի թաղապետը