Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ավինյանը՝ Արաբկիրի թաղապետի մասին. Օրենքից դուրս ցանկացած գործողություն ընդունելի չէ
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի պաշտոնյաների ձերբակալումը մամուլը որակել էր Փաշինյանի կողմից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնոցղ Տիգրան Ավինյանի վախը բռնելու գործողություններ։
Panorama.am-ի հետ զրույցում Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը նշեց՝ քաղաքապետն Արաբկիր վարչական շրջանում մասսայական կալանավորումները չի ընդունում իր դեմ ուղղված քայլ կամ պատիժ։
«Բացարձակ։ Կարծում եմ, իրավապահ մարմնի ցանկացած գործողություն ունի ինչ-որ տրամաբանություն, ուրեմն կա ինչ-որ խնդիր, իրավապահ համակարգը դրան արձագանքում է։ Անձերն այս առումով, կարծում եմ, կարևոր չեն»,-ասաց նա։
Ի՞նչ կարծիք ունի կալանավորումների մասին Տիգրան Ավինյանը։ Ի պատասխան խոսնակն ասաց.
«Քաղաքապետի դիրքորոշումնը հետևյալն է. Օրենքից դուրս ցանկացած գործողություն, անկախ այն բանից, թե ով է իրականացնում, ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն, կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում»։
Նա հիշեցրեց՝ միաժամանակ պետք է հարգել անձի անմեղության կանխավարկածը։
«Հիմա կա պրոցես, մարդկանց կալանքի, տնային կալանքի են տարել, բայց քանի դեռ չկա վերջնական դատավճիռը, պետք է հարգել նրանց անմեղության կանխավարկածը»,-նշեց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և գրավը՝ 30 մլն դրամի չափով։ Նրա երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանը, Դավիթ Բալասանյանը կալանավորվել են մեկ ամսով։
«Կալանավորված անձանց թվում է նաև «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը, վերջինս կալանավորվել է մեկ ամսով»,-գրել է «Փաստինֆո»-ն։