«Հրապարակ». Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջը
Օրվա մամուլ
08:54 06/07/2024
Հայաստան

«Հրապարակ». Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում  էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի  մոդուլային ատոմակայան: Այս թեման վաղուց է արծարծվում։ ՀՀ իշխանությունը դեռևս չի խոստովանում, որ իրենց առջև նման պահանջ է դրված։ ՀԱԷԿ-ը Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանն է, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձևակերպումներ կան. «ԱՄՆ-ն և ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։

Այսինքն՝ նախ պետք է փակվի ատոմակայանը, իսկ նորը կկառուցվի, թե ոչ՝ երաշխիք չկա։ Արևմուտքը հորդորում է մոդուլային ատոմակայան կառուցել, մի բան, որը քաղաքացիական կյանքում կիրառություն գրեթե չունի. նման ատոմակայաններ կառուցվում են ռազմաբազաների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար պահանջում են փակել ՀԱԷԿ-ը։

Փաստորեն, Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է նրանց հերթական պահանջը։ Բացի այն, որ ատոմակայանը ՀՀ սուվերենության կարևոր բաղադրիչն է, ներկայում բավարարում է ՀՀ բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ 1988-ի շարժման արդյունքում ՀԱԷԿ-ը փակելուց հետո Հայաստանը հայտնվեց «սև ու մութ» ժամանակաշրջանում` հովհարային անջատումներով, հիմա կարող են վերադառնալ այդ օրերը: Ի դեպ, ՀԱԷԿ-ը գործում է ռուսական ուրանի հաշվին: Հիմա Թուրքիայում ՌԴ-ն ատոմակայան է կառուցում՝ ձեռքի հետ պահանջելով, որ ՀՀ-ում փակվի գործող ատոմակայանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder