Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է
Մշակույթ
14:47 10/07/2024
Հայաստան

Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է

21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրա» կինոփառատոնից։ 

Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առայսօր։

Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։

 Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել անգամ, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել, և այս ազատատենչ աշխարհայացքն ակներև է նաև նրա ֆիլմերի ինչպես թեմաներում, այնպես էլ հատկապես սահմաններ չճանաչող ոճային բացառիկ նորարարական լուծումներում։

Placeholder
Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է