Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը
Մշակույթ
16:29 11/07/2024
Հայաստան

Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և ARARAT հայկական կոնյակի բազմամյա համագործակցության այս տարվա էջը լրացրեց փառատոնի միջոցառումների ցանկը՝ առաջնաբեմ բերելով կինոաշխարհի այն հերոսներին, որոնց աչքն ու կարծիքը, քննող միտքն ու անտեսանելին վերծանելու տաղանդն այն ուղեցույցն է, որով հարաբերվում ենք կինոյի հետ։ ARARAT-ի և «Ոսկե ծիրան» փառատոնի ստեղծագործական թիմերի նախաձեռնությամբ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնն ազդարարվեց կինոն քննող լրագրողներին պատվելու հատուկ երեկույթով։

Այսպես, հուլիսի 10-ին Գրանդ Հոթել Երևանում կայացած ARARAT կոկտեյլային ընդունելության ժամանակ «Ոսկե ծիրան» փառատոնի և Երևանի կոնյակի գործարանի կողմից հատուկ մրցանակներ հանձնվեցին «Պան Մեդիա» ընկերությանը՝ Pan.am կայքի Cinepan նախագծի սյունակագիր Արման Գասպարյանին՝ «կինոյի նկատմամբ անկեղծ սիրով վարակելու և ընդգրկուն շրջահայացքի» համար և «Կինոաշխարհ» էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Ռուզաննա Բագրատունյանին՝ «Տարիներ ի վեր կինոլրագրությունն աննկուն պահելու» համար։  

«Կինոն դիտելը դեռ գործի կեսն է, ամենն ավելի է ամբողջանում, երբ կինոյի մասին նաև խոսում են։ Այսօրվա մեր շնորհակալությունը ուղղում ենք այն մարդկանց, որոնք այդ խոսքը հասցնում են տեղ», - ասում է Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

«Կարծիքների արտահայտման թվացյալ բազմազանությունը մեր օրերում առավել քան երբևէ ընդգծեց մասնագիտական վերլուծությունների կարիքը, որոնց պակասը հաճախ բերում է արհեստածին խոսույթների ձևավորմանն ու տարածմանը։ Դարեր ի վեր արվեստի գործերի գրագետ իմաստավորումը հյուսել է արվեստի պատմությունը։ Կինոյի պարագայում մասնագիտական կարծիքն է, որ առավելապես վիզուալ այս արվեստը մենք կարողանում ենք ոչ միայն դիտել, այլև ընթերցել։ Մասնագիտական կարծիքն է, որ դարձնում է կինոն թե՛ հուզական, թե՛բանական վայելք։ Անչափ ուրախ ենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի մեր գործընկերները ողջունեցին գաղափարը և կազմակերպեցին այս երեկոն, որն ARARAT կոնյակի ուղեկցությամբ հյուրերի և մրցանակակիրների համար կդառնա ևս մեկ բարի հուշ», - նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։  

 

 

Placeholder
Հատուկ երախտիք կինոն քննող լրագրողներին՝ «Ոսկե ծիրան» փառատոնի և ARARAT հայկական կոնյակի այս տարվա նորամուծությունը