«Բարի գալուստ ծուղակ». Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
Իրավունք
16:55 11/07/2024
Հայաստան

«Բարի գալուստ ծուղակ». Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

«Իշխանությունները մտահոգված են, որ հանրային  հնչեղության մեջ չեն կարողանում արմատավորել, որ այս գործը քաղաքական չէ»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննարկում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Մեղադրանքի կողմը միջնորդեց երկարացնել Աշոտյանի կալանքի ժամկետը՝ հայտարարելով, թե նախկինում արձանագրված ռիսկերը դեռևս առկա են։ Պաշտպանության կողմը միջնորդեց Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը, տնային կալանքը և գրավը՝40 միլիոն դրամի չափով։ Աշոտյանի համար երաշխավորել են Խոսրով Հարությունյանը և Տիգրան Թորոսյանը։ Ըստ պաշտպանության կողմի, առաջարկվող այլընտրանքային խափանման միջոցները բավարար են՝ գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ դատախազի մտավախությունները չեզոքացնելու։

Արմեն Աշոտյանն իր խոսքում ասաց. «Ներկայացնելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ դա ոչ խնդրանք է, ոչ առաջարկ, սա ծուղակ է. նույնիսկ այս գժական այլընտրանքային պայմաններով եթե չի փոխվում խափանման միջոցը, ապա բարի գալուստ ծուղակ՝ երկաթյա ապացույց այն բանի, որ այս ամբողջ պրոցեսի իմաստն ինձ մաքսմիալ երկար պահել կալանքի տակ»։ 

Դատարանը մերժեց պաշտպանների՝ տնային կալանքի,  40 միլիոն դրամի և երաշխավորությունների առաջարկը և Արմեն Աշոտյանի կալանքը ևս երեք ամսով երկարացրեց։ Դատավորն ասաց, որ այլընտրանքային  խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել այն հսկողության միջոցները, ինչ քրեակատարողական հիմնարկներում. «Դատարանի գնահատմամբ, Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքի գործողության ժամկետն ու դրա իրավաչափության պայմանները չեն վերացնել, չեն ենթարկվել այնպիսի փոփոխությունների, որոնք կարող են հիմք հանդիսանալ խափանման միջոցը փոխելու համար»։  

Placeholder
«Բարի գալուստ ծուղակ». Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց