Գրողների և Նկարիչների միությունների շենքերի «պետականացումը» դեռ գործնական փուլում է
Մշակույթ
10:50 19/07/2024
Հայաստան

Գրողների և Նկարիչների միությունների շենքերի «պետականացումը» դեռ գործնական փուլում է

«Այս ամեն ինչը սկսել է կառավարությունից և այդ հարցերով պետք է դիմել կառավարությանը»,-  ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե  ի՞նչ փուլում է Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  պետականացման հետ կապված գործընթացը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Է.Միլիտոնյանն ասաց, որ վարչական դատարանում նոյեմբերի 28-ին սկսվելու է դատական գործընթացը։

«Այնտեղ հարցերը քննելուց հետո մենք կարող ենք որոշակի բան ասել, մինչ այդ իրենց պետք է հարցնել՝ ինչ, ոնց»,- ասաց Գրողների միության նախագահը։

Հարցին՝ կառավարությունից, դատախազությունից երբևէ արձագանքե՞լ են գրողների, նաև նկարիչների բարձրաձայնած դժգոհություններին, նա պատասխանեց. «Չէ։ Լավ կլիներ բոլոր ստեղծագործական միությունների նախագահներին գոնե հրավիրեին, միասին զրուցեինք,  իմանայինք՝ ինչը ինչոց է, երկուստեք նորմալ վիճակ կլիներ՝  և կառավարության, և ստեղծագործական միությունների»։

Նկարիչների միությունում նախօրեին բացված ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Panorama.am-ը հետաքրքրվեց նրանից՝ արդյոք հնարավո՞ր է կառավարությունը լսի նկարիչների, գրողների դժգոհությունը, ովքեր դեմ են շենքերը պետականացնելու նախաձեռնությանը, նա պատասխանեց. «Այստեղ Նկարիչների միության նախագահն է, մի հատ իրեն հարցրեք՝ այն պնդումները, որոնք արեցիք ճի՞շտ են, թե՞ ոչ»։

«Հարցնում ենք՝  հնարավո՞ր է պետությունը ...»

«Ես ձեզ պատասխանեցի»,- ասաց նա։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն արագ արձագանքեց.  «Ինչ վերաբերում է  այդ գործընթացին, դեռ գործնական փուլում է, անպայման ձեզ կտեղեկացնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder