Երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աննախադեպ է. Ա. Մելիքյան
Իրավունք
15:31 25/07/2024
Հայաստան

Երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աննախադեպ է. Ա. Մելիքյան

Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք է գրանցվել, տուժել է 23 լրագրող։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով, որ անցած ամիսներին բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են գրանցվել։

«Այս թիվը համեմատելի է 2018-ի հեղափոխության ճնշումներին, բռնություններին, խոչընդոտումներին։  Հետհեղափոխական տարիներին այս թիվն աննախադեպ է, քանի որ 2018-ից ի վեր մեկ եռամսյակի ընթացքում նման թվով ֆիզիկական բռնության դեպքեր չէին գրանցվել։ Դա կարող է լինել  ինչպես հրմշտոցի ընթացքում, այնպես էլ թիրախավորված հարձակում»,-ասաց Մելիքյանը։

Կոմիտեի ղեկավարն այս առումով մտահոգություն հայտնեց, նշեց, որ ոստիկանության բարեփոխումները պետք է երևան էքստրեմալ իրավիճակներում, մինչդեռ այդ դեպքում երևում են և պրոֆեսիոնալիզմի պակաս, և լիազորությունների չարաշահում։

«Մեծ աշխատանք կա կատարելու, կառավարությունն այս առումով պետք է լուրջ մտահոգվի, քանի որ այս տվյալները կարող են ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա»,-ասաց բանախոսը։

Ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ավելացել են նաև լրագրողների նկատմամբ սպառնալիքները, վիրավորանքները, մասնագիտական աշխատանքի իրականցման տարատեսակ խոչընդոտները՝ կազմելով 43 դեպք։

Տեղեկություններ ստանալու և տարածելու առումով  իրավունքի խախտման դեպքերը նվազել են։

«Այս եռամսյակի համար սա միակ լավ լուրն է»,-ասաց Մելիքյանը։

Placeholder
Երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աննախադեպ է. Ա. Մելիքյան