Հայաստանում 40 անգամ ավելի շատ վարույթ է հարուցվել տնտեսական գործունեության համար, քան ԱՄՆ-ում
Տնտեսություն
12:26 19/08/2024
Հայաստան

Հայաստանում 40 անգամ ավելի շատ վարույթ է հարուցվել տնտեսական գործունեության համար, քան ԱՄՆ-ում

«2023 թվականին ԱՄՆ-ում տնտեսական հանցագործությունների հետ կապված նախաձեռնվել է 2600 վարույթ, իսկ Հայաստանում՝ 960 վարույթ»,- «Մանթաշյանց» գործարարների ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Էլ Էս Էյ» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանը՝ քննադատելով ՊԵԿ-ի շրջանառած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է քրեականացնել մաքսանենգությունը։

Նրա խոսքով՝ բնակչության համաչափությամ հաշվարկով Հայաստանում 40 անգամ ավելի շատ են տնտեսական վարույթները, քան ԱՄՆ-ում։

«Սակայն բնակչությունով հաշվելը սխալ է, քանի որ ԱՄՆ-ում տնտեսապես ավելի զարգացած է, բնակչության մեջ տնտեսվարողների քանակն ավելի շատ է։ Այսինքը 40 անգամի փոխարեն կարող է լինել 100 կամ 150 անգամ։ Բոլոր դեպքերում՝ 40 անգամ մեր մոտ ավել է հարուցվել տնտեսական գործունեության համար քրեական վարույթ, ինչը թույլ է տալիս հասկանալ, որ մեր մոտ ինչ-որ բան առողջ չէ, ինչ-որ բան չարաշահվում է, ինչ-որ հարցերում փորձում ենք օրենսդրական գործիքակազմն օգտագործենք  ոչ բարեխիճ նպատակներով»,- հայտարարեց Սարդարյանը և  հավելեց.

«Զարմանալիորեն նման  գործերը որոշակի խումբ դատավորերի մոտ են ընկնում։ Չեմ ուզում ավելին ասել, սա արդեն խոսում է այն մասին, որ խնդիր կա։ Ինչո՞ւ պետք է այս մեխանիզմով գնացող գործերն ընկնի այն դատավորների մոտ, որոնք որպես կանոն դատախազության կամ քննչականի դիրքորոշումն իրենց համար համարում են «ոսկե» տառերով գրված «սուրբ օրենք»։

Նա նշեց, որ պետք է աշխատանք տարվի, որպեսզի այդ գործերը չընկնեն նման դատավորների մոտ կամ վերջիններս վերանայեն իրենց վարքագիծը։

Սարդարյանը եզրակացրեց,  որ օրենքի ընդունման դեպքում այդ անբարեխիղճ դատավորի մոտ ավելի շատ թվով գործարարներ են գնալու և ավելի մեծ թվով գործարարների են կալանք խափանման միջոց գործիքի միջոցով ստիպելու, որ իրեն թելադրված պայմաններն ընդունի։

Փաստաբանը չբացառեց, որ օրենսդրական այս փոփոխությունը կարող է նաև քաղաքական ճնշումների նպատակով օգտագործվել։

«Էլ Էս Էյ» ընկերության ընկերության գործընկեր, փաստաբան Էդգար Այվազյանն էլ նշեց, թե անհիմն է օրինագծի հիմնավորման մեջ ՊԵԿ-ի բերած այն թեզը, թե օրենքի ապաքրեականությունից օգտվել են անբարեխիղճ տնտեսվարողները, որոնք նախընտրում են թաքցնեն գումարները վնասը վերականգնեն և ազատվեն պատասխանատվությունից։

«Երբ գործարարը բռնվում է և  ենթադրվում է, որ նա խուսափել է հարկերից, այդ դեպքում ոչ միայն հարկերը վճարելու դեպքում է անձն ազատվում քրեական պատասխանատվությունից, այլև հսկայական տույժերն ու տուգանքները վճարելուց հետո»,- նշեց փաստաբանը շեշտելով որ գործող կարգավորումներով այդ հավասարությունը պահպանված է, ինչը փորձում է ժխտել ՊԵԿ-ը։

Նա նաև անհիմն համարեց ՊԵԿ-ի մյուս հիմնավորումը, թե մաքսանենգության դեպքերի ապաքրեականացումից հետո դեպքերն են շատացել՝ նշելով, որ պետք է դրա պատճառները գտնել, այլ ոչ թե նորմը խստացնելը, քանի որ պատժի խստացումը զսպող միջոց չէ, այլ անխուսափելիությունն է զսպող։
 

Placeholder