Զելենսկին Սերգեյ  Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով
Մշակույթ
10:57 23/08/2024
Աշխարհ

Զելենսկին Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին 11 ականավոր մարդկանց պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով։

«Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով  հետմահու պարգևատրվել է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։

unn.ua-ի հաղորդմամբ,  «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով պարգևատրվել են նաև կոմպոզիտոր Իգոր Պոկլադը, մարզուհի Օլգա Խարլանը, բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, երգչուհի Նինա Մատվիենկոն և ուրիշներ։

«Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակը տվում է  2021 թվականից։ Այդ ժամանակից ի վեր Զելենսկին ամեն տարի այս մրցանակը շնորհում է այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախ Ուկրաինայի կայացման և պետության պաշտպանության, ազգային տնտեսության զարգացման, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի, առողջապահության գործում, ինչպես նաև ակտիվ բարեգործական և հասարակական գործունեություն են ծավալում։

Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում որպես բեմադրիչ ռեժիսոր: Մինչև 1963թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից։

1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանոթանում է նրա ճարտարապետությանը և արվեստին: Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձել է  նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս է եկել էկրան «Նռան գույնը» անունով:
Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվել է կինոյից. ավելին՝ նրան երկու անգամ բանտ են նետել՝ 1974-1978թթ. Ուկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր և արվեստը, որը չէր գոհացնում իշխանությանը:

Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկված էր ֆիլմ նկարելուց, նա իր ողջ ստեղծագործական ավյունը ուղղել է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և այլ արվեստի գործերի ստեղծմանը:  Նա ասում էր. «Ինձ չէին թողնում ֆիլմեր նկարել, ես սկսեցի կոլաժներ անել: Կոլաժը դա սեղմված ֆիլմ է»: Եվ իրոք, եթե ֆիլմի ստեղծումը կախված է բազմաթիվ հանգամանքներից, ապա կոլաժում նա ազատ է և կարող է անել այն, ինչ ուզում է:

Կյանքի վերջում նա նկարահանել է ևս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ ղարիբ»:

Փարաջանովը ծննդյան 100-ամյակին՝ այս տարի,  արդարացվել է։

Դատվելուց 50 տարի անց Ուկրաինայում վերականգնման ազգային հանձնաժողովը արդարացրել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին (1924-1990), որը դատապարտվել է ԽՍՀՄ-ում համասեռականության հոդվածով:  «Սերգեյ Փարաջանովի նկատմամբ քրեական հետապնդման և դատապարտման համար քաղաքական դրդապատճառ է հաստատվել»,-հայտնել էին  Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտից։

 

 

Placeholder
Զելենսկին Սերգեյ Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով