Միջազզգային տոնացույցում օգոստոսի 27-ը  նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր
Սպորտ
20:44 27/08/2024
Հայաստան

Միջազզգային տոնացույցում օգոստոսի 27-ը նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր

Սպորտին նվիրված միջազզգային տոնացույցում օգոստոսի 27-ը  նշվում է որպես բռնցքամարտի միջազգային օր։ Այս մասին անդրադարձ է կատարել ՀԱՕԿ-ը։

Դեռևս 385թ․ 291-րդ օլիմպիական խաղերի կռփամարտի մրցումներին մասնակցել է հայոց թագավորական տոհմի շառավիղ Վարազդատ Արշակունին: Նա  պարտության մատնելով բոլոր մրցակիցներին հռչակվել է օլիմպիական չեմպիոն։ Այդ հաղթանակից 1613 տարի անց, 1998թ․  մայիսի ութին,  ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի փոխադարձ համաձայնությամբ , պատմական Օլիմպիայում հանդիսավորությամբ բացվել է Վարազդատ Արշակունու մարմարե կիսանդրին / քանդակագործ Լևոն Թոքմաջյան / ։ Խոսքով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, պատմագիտության դոկտոր Միքայել Իսպիրյանը։

Ժամանակակից  բռնցքամարտը ծնունդ  է առել  Անգլիայում ՝ 18-րդ դարի սկզբին։ Իսկ  օլիմպիական շարժման վերածննդից հետո, 1920 թ․ այն մտել է օլիմպիական  ընտանիք։

 

Մարզաձևը մեծ տարածում և հեղինակություն ունի Հայաստանում։ Մեզանում աճել են ԽՍՀՄ , Եվրոպայի, աշխարհի տասնյակ չեմպիոններ և մրցանակակիրներ։ Իսկ կաշվե ձեռնոցի հանճարեղ վարպետ, երևանցի Վլադիմիր Ենգիբարյանն իր բազում նվաճումներին ավելացրել է նաև օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Նա այդ պատվին արժանացել է 1956թ․ Մելբուռնի օլիմպիական խաղերում։

Նրա ճանապարհով առաջին քայլերն են արել և օլիմպիական բրոնզե մեդալակիր են դարձել երևանցի Դավիթ Թորոսյանը / 1976թ. Մոնրեալ /, վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը / 2008թ. Պեկին / և գյումրեցի Հովհաննես Բաչկովը / 2020թ, Տոկիո /  :

Բռնցքամարտի համաշխարհային օրը նշվում էր հուլիսի 22-ին: Բայց ԱԻԲԱ -ի  նախագահ Ումար Կրեմլյովի  առաջարկությամբ  տոնը տեղափոխվել է   և նշվում է  օգոստոսի 27-ին: Նա գնահատել է այն հանգամանքը, որ աշխարհի բռնցքամարտի անդրանիկ առաջնությունը տեղի է ունեցել 1974թ. օգոստոսի 17 -30 -ը:

Բռնցքամարտի միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է  մեր երկրի բոլոր ժամանակների բռնցքամարտիկներին և ակնկալում նորանոր հաղթանակներ:

Placeholder