Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը
Քաղաքական
15:44 02/09/2024
Հայաստան

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը

Հրապարակվել  է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով  հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում այն հավանության կարժանանա, այնուհետև  կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը։ Սակայն փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝  ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

«Սահմանադրական դատարանի կողմից Կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

Սահմանադրական դատարանում Կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին»,- նշված է որոշման նախագծում։ 

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը։
 

 

 

Placeholder
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը