Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու հարցեր
Տնտեսություն
18:15 04/09/2024
Հայաստան

Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու հարցեր

Մի շարք երկրների հետ ստորագրված միջպետական համաձայնագրերի համաձայն` ճանապարհային, բնապահպանական հարկերից երկկողմանի ազատում է նախատեսվում: Ներկայումս Իրանի հետ քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակում կարևորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը:

Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով քննարկման ժամանակ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է, որ նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտի ֆիսկալ մասը կանոնակարգելու հնարավորությունները։ 

Զեկուցողի խոսքով, կախված առավելագույն թույլատրելի զանգվածից` Հարկային օրենսգրքով բեռնատար տրանսպորտային միջոցների համար սահմանված են ճանապարհային հարկեր:

«Նմանատիպ հարկեր նաեւ գանձվում են մեր հարեւան երկրում, երբ մեր տրանսպորտային միջոցները մուտք են գործում այդ երկրի սահման»,- նշել է փոխնախարարը:

Նախագծով հնարավորություն է ընձեռվում սահմանելու ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություններ այն դեպքերում, երբ ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը:

Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացն իրականացնել փոխադարձության սկզբունքով մյուս կողմի պետության հետ:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել է և ստացել դրական եզրակացություն:

Placeholder