ՄՊՀ-ն սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել
Տնտեսություն
18:31 04/09/2024
Հայաստան

ՄՊՀ-ն սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր հրավիրվել էր հանդիպում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ սպառողների շահերի պաշտպանության մեկնարկող բարեփոխումներին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը սկսում է սպառողների շահերի պաշտպանություն իրականացնել և ըստ նախատեսվող փոփոխությունների՝ դառնալու է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինը:

Նա հավելել է, որ այժմ կառավարության գործընկերների հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում, որով մեր երկրում ՀԸԳՀ-ի  /CEPA/ շրջանակում  ներդրվելու են  սպառողների շահերի պաշտպանության ԵՄ առաջատար  ստանդարտներին համահունչ մեխանիզմներ:

Հանձնաժողովից մանրամասնում են,  որ ընտրվելու է  սպառողների շահերի պաշտպանության  դուալ մեխանիզմ, որի համաձայն ՄՊՀ-ն որպես կենտրոնական մարմին, իրականացնելու է վարչարարություն հանրային շահի առկայության դեպքերում, միաժամանակ ստեղծվելու են ընթացակարգեր սպառողների անհատական իրավունքների պաշտպանության համար: 

Մասնավորապես՝ լինելու են ակրեդիտավորված ՀԿ-ներ, որոնք լիազորություն են ունենալու սպառողների անհատական և կոլեկտիվ շահերի պաշտպանություն իրականացնել:

Այս առումով ՄՊՀ նախագահը կարևորել է գործող ՀԿ-ների ակտիվ դերակատարումն ու համագործակցությունը՝ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Placeholder