Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանելու նախագիծն իրավունք չուներ հասնելու ԱԺ ամբիոնին. Գալստյան
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը»,- ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելով՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ առավել կկանոնակարգվի մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժեւորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը:
Ըստ նախագծի՝ աշխարհում և Հայաստանում, մասնավորապես՝ մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է: «Ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» ասելով՝ նկատի է առնվում որևէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, ով գրանցված է հարկային դաշտում եւ ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը:
Առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է մշակույթի որևէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ:
Առաջարկվում է նաև օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում առկա «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:
ԱԺ կայքի հաղորդմամբ, նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:
Նախագծի ներկայացումից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ կառավարության կողմից ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդհանրապես ԱԺ ամբոնին հասնելու իրավունք չուներ։ Ըստ նրա, նախագիծը լեցուն է իրավական անճշտություններով, հակասություններով։
«Կատարյալ խառնաշփոթ և իրավական նոնսենսի է ենթարկվել մշակութային կազմակեպությունների կարգավիճակը վերնագրով հոդվածը, ուր առաջարկվում է «ազգային» բառը փոխարինել «պետականով»։
Անտրամաբանական է այն փաստարկը, թե ազգայինը հանվում է պետականության բառերի ավելի արժևորման, նրա գործածումը կանոնակարգելու նպատակով։ Սրանք սոսկ բառեր չեն, հասկացություններ են, դրանց հակադրությունը պարզապես կեղծ է և մտացածին, ճիշտ այնպես, ինչպես հակադրվում է վերջին շրջանում պետությունն ու հայրենիքը»,- ասաց Լ.Գալստյանը։
Պատգամավորն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումը և այն քննարկել շահառու կազմակերպությունների, ինքնազբաղների, «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, մշակութային դաշտի այլ շահառուների հետ:
«Չի կարելի այս խակությամբ և իրավական փնթիությամբ նախագիծ բերել և փորձել հավակնություն ունենալ, թե մենք կարգավորելու ենք մշակութային դաշտը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյությում։