Մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանելու նախագիծն իրավունք չուներ հասնելու ԱԺ ամբիոնին. Գալստյան
Մշակույթ
15:54 09/09/2024
Հայաստան

Մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանելու նախագիծն իրավունք չուներ հասնելու ԱԺ ամբիոնին. Գալստյան

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման  անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը»,- ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելով՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ առավել կկանոնակարգվի մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

Առաջարկվող  փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժեւորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը:

Ըստ նախագծի՝ աշխարհում և Հայաստանում, մասնավորապես՝ մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է: «Ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» ասելով՝ նկատի է առնվում որևէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, ով գրանցված է հարկային դաշտում եւ ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը:

Առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է մշակույթի որևէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ:

Առաջարկվում է նաև օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում առկա «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:

ԱԺ կայքի հաղորդմամբ, նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում,  որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:

Նախագծի ներկայացումից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ կառավարության կողմից  ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդհանրապես ԱԺ ամբոնին հասնելու իրավունք չուներ։  Ըստ նրա, նախագիծը լեցուն է իրավական  անճշտություններով, հակասություններով։ 

«Կատարյալ  խառնաշփոթ և իրավական նոնսենսի է ենթարկվել մշակութային  կազմակեպությունների կարգավիճակը վերնագրով հոդվածը, ուր առաջարկվում է  «ազգային»  բառը փոխարինել «պետականով»։

Անտրամաբանական է այն փաստարկը, թե ազգայինը հանվում է պետականության բառերի ավելի արժևորման, նրա գործածումը կանոնակարգելու նպատակով։ Սրանք սոսկ բառեր չեն, հասկացություններ են, դրանց  հակադրությունը պարզապես կեղծ է և մտացածին,  ճիշտ այնպես, ինչպես հակադրվում է վերջին շրջանում պետությունն ու հայրենիքը»,- ասաց Լ.Գալստյանը։

Պատգամավորն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումը և այն  քննարկել  շահառու կազմակերպությունների, ինքնազբաղների,  «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, մշակութային դաշտի այլ շահառուների  հետ:

«Չի կարելի այս խակությամբ և իրավական փնթիությամբ նախագիծ բերել և փորձել հավակնություն ունենալ, թե մենք կարգավորելու ենք մշակութային դաշտը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյությում։ 

Placeholder
Մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանելու նախագիծն իրավունք չուներ հասնելու ԱԺ ամբիոնին. Գալստյան