Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Բաքվում պահվող գերիների,  Արցախի ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրները
Հասարակություն
12:09 11/09/2024
Հայաստան

Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Բաքվում պահվող գերիների, Արցախի ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրները

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է  տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և  Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։

Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորել է միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունն է արտահայտել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։

Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվել է նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների  առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը։

Placeholder