ԿԳՄՍ նախարարը տեղեկություն չունի, թե երբ կկայանա Սնուփ Դոգի  համերգը
Մշակույթ
14:26 13/09/2024
Հայաստան

ԿԳՄՍ նախարարը տեղեկություն չունի, թե երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չկարողացավ հայտնել, թե երբ կկայանա ռեպեր Սնուփ Դոգի  համերգը Հայաստանում, քանի որ կազմակերպիչը իրենք չեն, այլ «Դոփինգ Սփեյս» ընկերությունը։

«Մենք ընդամենը ֆինանսավորող կողմն ենք, համերգի հետ կապված բանակցությունները, կազմակերպումն ընկերությունն է անում։ Մենք գրավոր հարցմամբ պահանջել ենք ընկերությունից ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները։ Սպասում ենք արձագանքին։ Մեր տեղեկություններով,  բանակցություններ են վարում օրվա շուրջ։ Այս պահին որևէ լրացուցիչ նորություն չկա»,- ասաց Ժ. Անդրեասյանը։

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում ելքը երկուսն է. «Կամ համաձայնեցվում է օրն ու համերգը կայանում է, կամ եթե համաձայնության չեն գալիս երգչի հետ, համերգը տեղի չի ունենում, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, բոլոր գումարները կվերադարձվեն»։

Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը Երևանում  նախատեսված էր 2023 թ. սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել էր։ Այդ համերգի  համար ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն 2023 թ. օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։ Վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։

Placeholder
ԿԳՄՍ նախարարը տեղեկություն չունի, թե երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը