Շինարարական ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ամբերդի ամրոցում
Մշակույթ
15:31 13/09/2024
Հայաստան

Շինարարական ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ամբերդի ամրոցում

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ամբերդում է։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է, որ ահազնագեր է ստացել՝ Ամբերդում վերանորոգման շինարարական աշխատանքներ են ընթանում։

«Որքան հասկացա՝ նպատակը հիմքերի ամրակայումն է։ Քարերի արանքից դարերի կուտակված հողաշերտը մաքրում են։ Հիմնական նպատակն է հասնել հիմքերին,  որ հիմքերից ամրացնելով բարձանալ, այլապես մի քանի տարի անց կքանդվի»,-ասում  է Ն.Զոհրաբյանը։ 

Ամբերդ  ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն:  5 հա տարածությամբ եռանկյունաձև հրվանդանը, որի վրա գտնվում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով:

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:

Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից:  X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց  թագավորության  կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, որն  իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով  անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև  Վաչուտյաններին, որոնց օրոք այն դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը :

hushardzan.am-ից տեղեկանում ենք, որ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է հետևյալ ճարտարապետական կառույցները. միջնաբերդը  կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին  (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.), գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:

Placeholder