Հայաստանի պետական օղակները մենակ են թողել գերիների, անհետ կորածների ընտանիքներին. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով
Քաղաքական
13:00 13/09/2024

Հայաստանի պետական օղակները մենակ են թողել գերիների, անհետ կորածների ընտանիքներին. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով

«Գերիների, անհետ կորածների ընտանիքներն իրենց ցավի հետ մենակ են մնացել, Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են այս ընտանիքների խնդիրներից, ցավից»,- Երևանում դեսպանատներից մեկի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ  Ռուզաննա Ստեփանյանը։

Նա նշեց, որ իրենք ուժեղացնելու են իրենց ճնշումը կառավարության վրա, քանի որ տեղեկություն ունի, որ մինչև ամսվա վերջ Նիկոլ Փաշինյանը գնալու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի  գլխավոր քարտուղարին։

Ռ.Ստեփանյանն ասաց, որ մինչև այժմ միջազգային կառույցների անգործությունը կախված է Հայաստանի կողմից վարվող պետական արտաքին քաղաքականությունից. «Ինչպես ստացվեց, որ Բաքվի հետ բոլորը սկսեցին հաշվի նստել, մեզ հետո ոչ ոք հաշվի չի նստում»։

Նա տեղեկացրեց, որ անհետ կործաների և գերիների խնդրով նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։

«Ինձ ընդունել են ու ասել, որ այս պահին ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի հանձնակատարը հասցրել է խոսել  Բաքվում իր գործընկերոջ հետ, այնտեղից էլ արձագանքել են՝ Բաքուն էլ պահանջում է  իր անհետ կորածներին։

Այնուհետև ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին, պահանջել քննության առարկա դարձնել  Հայաստանից անհետ կորածների, ռազմագերիների խնդիրը։

Միաժամանակ ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրել են, որ իրենք այս պահին բանակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, հանդիպման ժամանակ ձեռք բերեված բոլոր արդյունքները նամակի տեսքով նորից առաջիկայում կփոխանցեն ինձ»,- ասաց նա։

Ռ.Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ նամակով դիմել են անհետ կորածների խնդրով զբաղվող միջազգային կոմիտեի, որը բացառապես զբաղվում է անհետ կորածների հարցերով ու կարող է նաև այցելել Բաքվի բանտեր ու հստակ տեղեկություն ստանալ, թե քանի հայ ռազմագերիների կան այնտեղ։

Ակցիայի մասնակցիներից մեկն ասաց. «Այդ տղաները մեր ազգին, հայրենիքը պաշտպանելու համար էին գնացել։ Այս չորս տարիներին ոչինչ չի արվել։ Ընդհանրապես, երկրի գլխավոր դեմք, ղեկավար ունե՞նք։ Նիկոլ Փաշինյանին ես նրան գլխավոր դեմք չեմ ընդունում»։  

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ակցիաներ են անում Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների ու միջազգային կառույցների ներկայացուցչությունների մոտ։ 

Placeholder