Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան
Հասարակություն
11:28 17/09/2024
Հայաստան

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

«Հրավերներն առաքվել են, պատասխանների հետ կապված ժամանակի ընթացքում  ծանուցումներ կլինեն՝ ովքեր կմասնակցեն»,- Մայր տաճարի վերանորոգումից հետո լրագրողների շրջայցի ընթացքում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնության, սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերաօծման արարողությունններին իշխանության ներկայացուցիներին հրավերներ ուղարկվել են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին Մյուռոնօրհնության արարողությունը կկայանա Սուրբ Տրդատի բաց խորանում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին կկայանա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:

Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտնեց, որ նման ծավալի վերանորոգման աշխատանքներ չեն եղել Մայր տաճարում,  միայն 1620–ական թթ. է եղել վերանորոգում Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ։

«Հետագայում էլ որոշակի վերանորոգումներ կատարվել են այլ կաթողիկոսների ժամանակ, բայց հիմնարար վերանորոգում, այնպիսին, ինչպիսին կատարվել է Մայր տաճարում, իրականացվել է  Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին  Երկրորդ Կաթողիկոսի ժամանակ»,- ասաց Մուշեղ սրբազանը։

Ինչ վերաբերում է վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին, ովքե՞ր են եղել նվիրատուները,  Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ասաց. «Հայտարարված էր  համազգային հանգանակություն։ Այդ ընթացքում եղավ համավարակ, Արցախյան պատերազմ և այլն։ Հայոց Հայրապետի կողմից որոշվեց մասսայական դրամահավաք չիրականացվի, որպեսզի բոլոր հանգանակությունները, որոնք  հայորդիները պատրաստ էին տալ Մայր տաճարի համար, ուղղվեն Արցախ, հայոց բանակ,  Հայաստան, կարիքավորներ, բռնագաղթվածներ։ Միայն կարող եմ տեղեկացնել, որ  կան շուրջ մեկ տասնյակ հիմնարար բարերաները և, անշուշտ, համաժողովրդական հանգանակություն, որի մեջ եղել են հանգանակություն այնպիսի տեսքով, որ  հավատավոր մի հայորդի եկել ու խնդրել է իր ֆիզիկական ուժը՝ որպես իր կողմից նվեր Մայր  տաճարի վերանորոգման աշխատանքին։ Մեկ-երկու օր այստեղ աշխատանք է իրականացրել՝ մաքրություն և այլն»։

Հարցին՝ պետության կողմից ֆինանսական աջակցություն եղե՞լ է, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը պատասխանեց. «Ոչ, նման բան չի եղել»։


 

Placeholder
Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան