Նարեկ Հախնազարյան. Երևանյան համերգին Կոմիտասի մենանվագները կկատարենք այնպես, ինչպես գրել է նա
Մշակույթ
15:16 20/09/2024
Հայաստան

Նարեկ Հախնազարյան. Երևանյան համերգին Կոմիտասի մենանվագները կկատարենք այնպես, ինչպես գրել է նա

Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Երևանում հանդես կգա մենահամերգով։ Սեպտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյի հատուկ հյուրն է անվանի դաշնակահար Գեորգի Չաիձե։

«Մեծ անհամբերությամբ սպասում եմ Գեորգիի հետ կայանալիք համերգին։ Գեորգին փայլուն դաշնակահար և երաժիշտ է։ Մենք անընդհատ համագործակցում ենք, առաջին անգամ վերջապես հանդես կգանք Հայաստանում»,- ասուլիսում ասաց Նարեկ Հախնազարյանը։

Նա նշեց, որ ծրագիրը շատ հետաքրքիր է, անակնկալներով լի։

«Հազվադեպ դեպքերից է, երբ ամեն ստեղծագործություն մեր սրտին շատ մոտ է ու սիրված՝ սկսած Շումանի, Մենդելսոնի ստեղծագործություններից, մինչև Կոմիտաս, Ցինցաձե, Պիացոլա»,- նշեց Նարեկ Հախնազարյանը։

Նա նշեց, որ Մենդելսոնի Թավջութակի սոնատ N2-ը հանճարեղ ստեղծագործություն է, ցավոք, շատ հազվադեպ է կատարվում դժվար լինելու պատճառով։

«Երկորդ բաժինը անսպասելի ոճում կլինի, ֆոլկլորային։ Քանի որ այս տարի Կոմիտասի 155-ամյակն է, որոշեցինք կատարել Կոմիտասի մենանվագները։ Ուզում էի այդ կատարումները լինեն բնօրինակից վերացրած, դրա համար Աճարյանի հավաքածուից ընտրեցինք տասից ավելի ստեղծագործություն ու կկատարենք այնպես, ինչպես գրել է  Կոմիտասը։ Տասնամյակների ընթացքում մի շարք հիանալի կոմպոզիտորներ, երաժիշտներ Կոմիտասի ստեղծագործությունները փոխառություններ են արել, բայց հեռացվում են Կոմիտասի պարզությունից, մաքրությունից։ Ուզում ենք այդ պարզությունը ցույց տալ»,- ասաց Նարեկ Հախնազարյանը։

Նա նշեց, որ կկատարեն նաև արգենտիկան տանգո։

Կալգարիում անցկացվող Էսթեր Հոնենսի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող, նորվեգական Թրոմսյո քաղաքի 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, դաշնակահար Գեորգի Չաիձեն ասաց, որ մեծ հաճույքով է նվագում Նարեկ Հախնազարյանի հետ և ուրախ է, որ վերջապես կարող են նաև հենց Նարեկի հայրենիքում ելույթ ունենալ։

«Շատ եմ սպասում այդ համերգին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder