Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ և ռուս հնագետները Կարմիր բլուրում հայտնաբերել են վաղ երկաթի դարով թվագրվող երկու դամբարան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Էրմիտաժի համատեղ հնագիտական արշավախումբը Երևանում Կարմիր բլուր հուշարձանի տարածքում հայտնաբերել է վաղ երկաթի դարով թվագրվող երկու դամբարան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արշավախմբի ղեկավարներից հնագետ-ուրարտագետ Միքայել Բադալյանը։
«Հայ-ռուսական արշավախմբի կողմից ընթացող պեղումների արդյունքում արդեն հայտնաբերվել են երկու դամբարաններ, որոնք մոտավորապես թվագրվում են մ.թ.ա. 12-9-րդ դարերի։ Կարմիր բլուրի համար այս դամբարանները նոր երևույթ են։ Թաղումներն ունեն այսպես կոչված կրոմլեխ, որը բաղկացած է «կախարդական շրջան» կազմող ուղղահայաց տեղադրված սալերից։ Նշենք, որ նման դամբարաններ առաջին անգամ են հայտնաբերվել Կարմիր բլուրում։ Սա նոր էջ է Կարմիր բլուրի պատմության, նրա թաղման ծեսի ուսումնասիրության մեջ», - հայտնել է գիտնականը:
Նա նաև ասել է, որ հաջորդ շաբաթ հայ-ռուսական արշավախումբը կհեռացնի դամաբարանի ծածկող քարե սալերը, և «պարզ կդառնա, թե ինչ կարևոր արտեֆակտ է այն թաքցնում»։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և պետական Էրմիտաժի հայ-ռուսական համատեղ հնագիտական արշավախումբը սեպտեմբերի 7-ին սկսել է աշխատանքները։ Հայկական կողմից արշավախումբը ղեկավարում է Միքայել Բադալյանը, ռուսական կողմից՝ Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն։