Արուճի ամրոցի տարածքում առկա է փլուզման և քարաթափման վտանգ
Մշակույթ
15:38 27/09/2024
Հայաստան

Արուճի ամրոցի տարածքում առկա է փլուզման և քարաթափման վտանգ

«Առկա է փլուզման և քարաթափման վտանգ, մուտքը արգելվում է»․ այս  գրությամբ զգուշացնող վահանակներ են տեղադրվել Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրի 5-17-րդ դարերով թվագրվող ամրոցի տարածքում։

Աշխատանքները իրականացվում են  ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանի գլխավորությամբ, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետի ուղեկցությամբ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ  օրեր առաջ Արուճի ամրոցի հարևանությամբ անցնող  գյուղամիջյան ճանապարհով մեքենա անցնելու հետևանքով առաջացել է անցք և  նկատելի են դարձել հնագիտական պատաշարեր և հնագիտական առարկաներ:

«Արուճ բնակավայրի վարչական ղեկավարը տեղեկացրել է մեզ, որից հետո մեր կողմից տարածքը սահամանզատվել է հատուկ ժապավենի միջոցով: Ըստ նախնական եզրակացության բացվել է ամրոցի ջրամբարը»,- նշել է ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Արթուր Թովմասյանը։ 

Արուճի ամրոցը (պետ. ցուցիչ 2.22.1) գտնվում է գյուղի կենտրոնական մասում հին և նոր դպրոցների միջև, եկեղեցուց և պալատական համալիրից 200-250 մ  հարավ-արևմուտք:

Թվագրվում է 5-17-րդ դարերով: Ամրոցը մինչև 16-րդ դ․ եղել է արքայական զորքերի զորակայան: Կառուցվել է խոշոր բազալտե քարերից: Պարսպից դուրս  պահպանվել են ամրոցի օժանդակ կառույցները: Ներսում պահպանվել են ամբողջական սենյակներ, փողոցներ: Ամրոցը մինչև 50-ական թվականները պահպանել է իր նախնական տեսքը:

Ամրոցների, հնագիտական հուշարձանների տարածքում վահանակների տեղադրման աշխատանքները շարունակվում են։ 2024 թ-ի ընթացքում  ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արդեն 100-ից ավելի ցուցանակ է տեղադրել։

 

Placeholder