Արմեն Աշոտյանը, ըստ էության, անազատության մեջ է. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
14:42 03/10/2024
Հայաստան

Արմեն Աշոտյանը, ըստ էության, անազատության մեջ է. Ռուբեն Մելիքյան

«Ես կցանկանայի, որ հարցաքննությունների ռեժիմն ավելի արագ լիներ, որպեսզի մենք ավելի շատ բկաների կարողանայինք հարցաքննել»,-  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական փակ նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով, դատարանի դիրքորոշումն այն է, որ խափանման միջոցի տեսակի ընտրության հարցը պայմանավորված է մեծապես այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնեն հարցաքննել:

«Մեր դատավարական շահն այն է, որ հնարավորինս շատ վկաներ կարողանանք հարցաքննել մինչև 2024 թվականի դեկտեմբեր, երբ կլինի խափանման միջոցի ընտրման նոր քննարկում։ Որոշակի մտահոգոթյուն ունեմ, տպավորություն է իմ մոտ, որ նույն հարցերը շատ են կրկնվում, մեկ վկայի հարցաքննությունը, ինձ ծանոթ հարցաքննություններից, ավելի երկար է տևում»,- ասաց փաստաբանը։ 

Ռ.Մելիքյանը նշեց, որ իրենք  շարունակում են պնդել՝ անազատության հետ կապված խափանման միջոցները, նաև տնային կալանքը, այս փուլում անհրաժեշտ չեն։

«Արմեն Աշոտյանը, ըստ էության, անազատության մեջ է»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Սեպտեմբերի 10-ին Աշոտյանի կալանքը փոխարինվել է  տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ։ Աշոտյանը 454 օր  գտնվել է ՔԿՀ-ում։

 

 

Placeholder
Արմեն Աշոտյանը, ըստ էության, անազատության մեջ է. Ռուբեն Մելիքյան