ԿԳՄՍ փոխնախարար. Նոր չափորոշչի ներդրումը ենթադրում է նաև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում
Կրթություն, գիտություն
18:02 03/10/2024
Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարար. Նոր չափորոշչի ներդրումը ենթադրում է նաև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանում կրթության նոր չափանիշները, դրանցով սահմանված հիմնական նպատակներն ու վերջնարդյունքները:

«Հայաստաննի Հանրապետությունն այժմ կրթության ոլորտում էական բարեփոխումների փուլում է, որոնց նպատակն է ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն՝ բոլոր մակարդակներում։  Կրթական ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանում և խրախուսման մեխանիզմների կիրառում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա տեղեկացրել է՝ կրթության բովանդակության բարելավման նպատակով հաստատվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում։

«Նոր չափորոշիչը հիմնված է կոմպետենցիաների վրա և ունի երեք բաղադրիչ՝ պետական, դպրոցական և անհատական, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր դպրոցի մշակել իր ուսումնական ծրագիրը՝ սահմանված առաջնահերթություններին համապատասխան: Աշակերտները կարող են նաև սովորել խորացված առարկաներ կամ մասնակցել խմբակների՝ ըստ իրենց հետաքրքրությունների»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ անհատական բաղադրիչը ներառում է նախագծային ուսուցման կազմակերպումը, որը նպաստում է սովորողների հետազոտական, քննադատական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Այս տարեսկզբին հրապարակվել է Համաշխարհային բանկի զեկույցը, համաձայն որի՝ նոր չափորոշչով սովորողների մոտ երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

«Անցած ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթացը, որը կավարտվի 2026 թվականին։ Չափորոշչի ներդրումը ենթադրում է ոչ միայն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների փոփոխություն, այլև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում՝ ներառյալ բնութագրական գնահատումը և տարրական դպրոցում միավորային գնահատումից հրաժարումը:

Ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներն ապահովում են երկարօրյա ծառայություն, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ պարապմունքների մասնակցել այն առարկայից, որից ունեն ցածր առաջադիմություն:
Չափորոշչի ներդրման մեկ այլ կարևոր ուղղություններից են նոր դասագրքերի ստեղծումն ու փորձաքննությունը, որոնք սկսվել են 2022 թվականից: Գործընթացին աջակցելու համար ներդրվել է մենթոր դպրոցների համակարգը»,- իր զեկույցում նշել է նախարարի տեղակալը:

Բովանդակային ուղղությամբ բարեփոխումներից Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է նաև նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների հաջորդ կարևոր ուղղությունը, Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ, ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանմանն ու խրախուսման մեխանիզմների կիրառմանն ուղղված նոր ծրագրերն են, որոնք առկա են ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական համակարգերում:

«Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն է, որն ուսուցիչներին հնարավորություն է տալիս կամավոր հիմունքներով ատեստավորում անցնելու առարկայական գիտելիքներից և ունենալու աշխատավարձի բարձրացում՝ ընդհուպ մինչև եռապատիկի չափով՝ կախված ատեստավորման արդյունքից:  Համաձայն հանրակրթության մասին օրենքի՝ դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչները պետք է պարբերաբար անցնեն վերապատրաստում և պարտադիր ատեստավորում։ Այս տարվանից այս համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարն անցկացվում է հոկտեմբերի 3-4-ը: Համաժողովին մասնակցում են ԱՊՀ 7 պետություններից շուրջ 120-140 ներկայացուցիչներ:

 

Placeholder