Վերականգնվում են իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված գտածոները
Մշակույթ
10:41 09/10/2024
Հայաստան

Վերականգնվում են իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված գտածոները

Հողի հաստ շերտի տակից մեզ հասած  հնագիտական առարկաները նոր շունչ են ստանում։ 13-14 դդ․ թվագրվող բազում հնագիտական առարկաներ հայտնաբերվել են 2024 թ․ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումների արդյունքում։

«Իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումներով հայտնաբերվել  13-15-րդ դդ․ թվագրվող խեցեղեն, մետաղյա իրեր։ Հավաքածուում կան ամբողջական և բեկորային կարմրափայլ, դրոշմազարդ, տարատեսակ զարդանախշ հասարակ անոթներ, միագույն և բազմագույն ջնարակած անոթների բեկորներ, հախճապակու բեկորներ, կավե, ջնարակապատ և քարե ձիթաճրագներ»,- ասել է պ․գ․թ արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները առանձնացնում, մաքրում ամրակայում ու վերականգնում են հայտնաբերված խեցեղենը։

«Այժմ փորձում եմ ամբողջացնել 13-14 դդ․ թվագրվող այս կճուճը, որոշ բացակա հատվածներ ևս լրացնելու եմ և  այն պատրաստ է»,- նշել է վերականգնող մասնագետ Աստղիկ Սիմոնյանը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ խեցեղենի մի մասը արդեն մաքրվել,  վերականգվել է, մյուսները սպասում են իրենց հերթին, որից հետո մաքրվելու են պեղումներից հայտնաբերված մետաղյա առարկաները։

 

 

Placeholder