Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Կառավարությունը 600 արտոնյալ ներմուծման հայտ հաստատեց էլեկտրական շարժիչով մեքենաների համար
«2023 թվականի դեկտեմբերի 28-ին կառավարությունը որոշում ընդունեց 2024 թվականի համար նախատեսված 8000 մեքենայից բաշխել 7400-ը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 600-ը պահել, որպեսզի այն ընկերությունները, որոնք դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրի հիման վրա են կատարում ներմուծումներ պաշտոնական ներկայացուցիչներից, կարողանան անխոչընդոտ ներմուծում իրականացնել»,- կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով նախորդ տարիներին 8000 էլեկտրամոբիլի շեմը չի մոտեցել անգամ վերջնակետին, տարիներ են եղել, որ մի քանի տասնյակ մեքենաներ են ներմուծվել։
«Սակայն այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել, և հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն 7400 մեքենաների սահմանաչափն ամբողջությամբ ավարտվել է, և կարիք կա 600-ը նորից բաշխելու»,-ասաց Պապոյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ մեքենաների 71,4 %-ը ֆիզիկական անձինք են ներմուծում, և 28,6 %-ը միայն՝ իրավաբանական անձինք, և հիմա էլ այն մեքենաները, որոնք սպասում են, որ 0 %-ով մաքսազերծվեն, հիմնականում ֆիզիկական անձանց են պատկանում:
«Առաջարկում ենք 600 սահմանաչափի հնարավորությունը ևս բացել, այսինքն՝ այդ 600-ից ևս մեր քաղաքացիներն օգտվեն այն նույն կարգով, ինչ 7400-ը: Այսինքն՝ նա, ով ավելի շուտ է ներմուծում մեքենան, նա էլ, ըստ հերթականության, կարող է օգտվել այս առաջարկից»,- ասաց Պապոյանը: