Հայֆայում հայ է վիրավորվել, Իսրայելի ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակում է. Արտյոմ Չերնամորյան
Քաղաքական
15:05 10/10/2024
Աշխարհ

Հայֆայում հայ է վիրավորվել, Իսրայելի ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակում է. Արտյոմ Չերնամորյան

Արդեն մեկ տարի է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը շարունակվում է, վերջին շրջանում իրավիճակը թեժացել է։ Panorama.am-ի հետ զրույցում Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն ասաց, որ եթե պատերազմի սկզբում  ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռակոծվում էին Իսրայելի կենտրոնական, հարավային շրջանները, հիմա հյուսիսը. օրական 100-120 հրթիռ է բաց թողնվում հյուսիսի վրա, մասնավորապես թիրախավորվել է Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաք Հայֆան։

Նա հայտնեց, որ հյուսիում բնակվում է 3000 հայ, 1500-ը ապրում է Հայֆայում, 1500-ը՝ հյուսիսային մյուս քաղաքներում, որոնք հայտնվել են «Հըզբոլայի» թիրախում։ Կենտրոնական շրջանները, համեմատած հյուսիսի, ավելի քիչ են հրթիռահարվում, այդ ուղղությամբ հիմնականում հրթիռներ են բաց թողում Եմենի հուսիթները։ 

Հոկտեմբերի 6 -ին Հայֆայի հերթական հրթիռահարման ժամանակ վիրավորվել է հայֆայաբնակ 46 - ամյա հայազգի Դավիթ Միրզոյանը: Նա 2003 թվականին Իսրայել է  տեղափոխվել  Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքից։ Կինը նույնպես հայուհի է։ Ունեն երեք դուստր։

«Դավիթի բնակարանը Հայֆայի արվարձանի նոր թաղամասում է։ Նոր շենքերն ունեն պաշտպանված սենյակ, որի պատերը հաստ են, ունեն մետաղյա պատուհան, դուռ։ Դա է, որ Դավիթին ու նրա ընտանիքն փրկել էր։ Հրթիռն ընկել է իրենց տան բակից 50 մետր հեռավորության վրա, սակայն պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ շենքի ու հարակից շենքների պատուհանները կոտրվել են, ավերվել։ Պայթյունի հզոր ալիքից՝ պատուհանի վրայի մետաղական վարագույները  պոկվել են, վնասել Դավիթի ձեռքը, դեմքը։ Հիմա վիճակը նորմալ է»։

Պայթյունից տուժած Դավիթը տեղափոխել է հիվանդանոց։ Դավիթին այցելել է Հայֆայի հոգևոր հովիվի տեր Տիրան քահանա Հովակիմյանը, հայկական համայնքի ներկայացուցիչները նրա հետ անընդհատ կապի մեջ են։

«Այս ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելի հայկական համայնքն ունեցել է երկու զոհ և մեկ վիրավոր՝ Դավիթը»,- ասաց Ա.Չերնամորյանը։

Նա նշեց, որ եթե պատերազմի սկզբնական շրջանում ցույցեր տեղի չէին ունենում, հիմա դրանք վերսկսվել են, և հիմնական պահանջը Իսրայելի կառավարությունից, վարչապետ Բենիամին Նեթանյահուից, գերիների վերադարձն է։ Ա.Չերնամորյանի խոսքով, կրկին հրաման է  տվել և մոտ 70 հազարից ավելի պահեստազորայիններ են հավաքել։

Ինչո՞ւ մեկ տարի ժամանակ ձգեց  Նեթանյահուն  ու նոր սկսեց  «Հըզբոլայի» դեմ հարձակումները։

«Նեթանյահուն ժամանակ է  ձգում, որովհետև գիտի, երբ որ պատերազմն ավարտվի, ինքը տուն է գնալու, չի մնա կառավարության ղեկավար»,- ասաց նա։

Ա.Չերնամորյանը նշեց, որ ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակում է գտնվում. «Հարվածում են բալիկստի հրիթռներով։ Լիբանանից են բաց թողնում հրթիռները ու ժամանակը կարճ է, մարդիկ չեն հասցնում պատսպարվել։ Մարդիկ հիմնականում վիրավորվում են, զոհվում օդի մեջ խփված հրթիռերի բեկորներից, չեն հասցնում հասնել ապաստարաններ»։

Նա նշեց, որ Հայաստան-Իսրայել չվերթներ իրականացվում են ու այն  իսրայելահայերը, ովքեր ցանկանում են գնալ Հայաստան, ունեն այդ հնարավորությունը։ 

Խոսելով սոցիալական վիճակի մասին՝ Ա.Չերնամորյանն ասաց, որ գնալով վիճակը ծանրանում է, ամեն ինչ գրեթե կրկնակի թանկացել է։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։ 

Placeholder
Հայֆայում հայ է վիրավորվել, Իսրայելի ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակում է. Արտյոմ Չերնամորյան