Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ին սվիններով են ընդունել. Նոր մանրամասներ
Կրթություն, գիտություն
13:53 15/10/2024
Հայաստան

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ին սվիններով են ընդունել. Նոր մանրամասներ

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ին սվիններով են այսօր ընդունել։

«Թափուր հաստիքի վրա նշանակվել եմ, ես որևէ մեկի տակը չեմ քանդել»,-ասել է ժամանակավոր պաշտոնակատարն ու նշել, որ րոևէ մեկի դեմ որևէ բան չունի, եթե դպրոցի տնօրենի հավակնորդ Վերոնիկա Բաբաջանյանն ընտրվի, ինքը սիրով կշնորհավորի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԺՊ նշանակված Քրիստինե Դումանյանն առաջարկել է սիրով աշխատել ու ավելորդ խնդիրներ չստեղծել, որևէ մեկի ձեռքին գործիք չլինել։

Այստեղ ընդդիմացել են ուսուցիչները՝  նշելով, որ ոչ մեկի ձեռքին էլ իրենք գործիք չեն։
«Ես պատրաստ եմ անվերջ ձեզ լսելու, բայց որոշումը կայացնողը ես չեմ։ Մեկ տարի տեղը թափուր էր»,-ասել է Դումանյանը։

Մանկավարժաները նշել են, որ նորանշանակ ԺՊ-ի դեմ որևէ բան չունեն, նրան չեն ճանաչում, բայց ունեն իրենց թեկնածու, պատրաստ են պայքարել հանուն արդարության։

«Ձեզ հետ մաքսիմալ անկեղծ եմ խոսում, առաջվա «դուքյանը»  չկա, խորհուրդները չկան, որ տնօրեններն իրենց բարեկամներին բերում լցնում էին, այդ ձայների մեծամասնությամբ էլ ընտրվում էին։ Փոփոխություն է եղել օրենքում»,-ասել է Դումանյանը։

«Դուքյանը չի փոխվել, կայացվել է միանձնյա որոշում։ Բա մի ամբողջ կոլեկտի՞վը»,-ասել է ուսուցիչներից մեկը, ինչին ի պատասխան նորանշանկ պաշտոնակատարը խորհուրդ է տվել դիմել համապատասխան մարմնին։

Մանկավարժները նշել են՝ դիմելու են, ավելին առաջարկել են քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը գա ու երեկվա ասածները կրկնի՝ իրենց աչքերի մեջ նայելով։

«Մեզ վարկաբեկող ելույթ է եղել երեկ։ Խնդրում եմ՝ երեկվա նրա հարցազրույցը լսեք»,-նշել են ուսուցիչները՝ վրդովմունք հայտնելով Մարգարիտ Խաչատրյանի խոսքերի վերաբերյալ։

Ի դեպ, մինչ ուսուցչանոցում  այս  հանդիպումն էր, աշակերտները հավաքվել են սենյակի հարևանությամբ ու վանկարկել՝ հե-ռա-ցիր, հե-ռա-ցիր։

Placeholder
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ին սվիններով են ընդունել. Նոր մանրամասներ