Արի ստե, ասեմ.Անասուն, ոչխար. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց
Քաղաքական
14:26 15/10/2024
Հայաստան

Արի ստե, ասեմ.Անասուն, ոչխար. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց

 «Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու արդարադատությունը և ամենաշատը ազդում է ամենախոցելի խավի՝ երեխաների վրա: Մեկ տարի է՝ քաղաքապետարանում թալանի հետքեր ենք բացահայտում»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց  «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

Նա հիշեցրեց, որ «Հետքը» պարզել է, որ Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ում, որտեղ աշխատանքի էին ընդունվել անվտանգության 8 աշխատակից, որից երեքն աղջիկներ էին, հիմնականում իրավապահ պաշտոնյաների հարազատներ, 540 հազար դրամ աշխատավարձով:

«Ամենահետաքրքիրն այն է, որ ԱՆԻՖ-ի գրասենյակը գտնվում էր մի շենքում, որն արդեն ուներ օրական 24-ժամյա անվտանգություն: Պարոն Ավինյան, գոնե այնպես աշխատանքը կազմակերպեիք, որ հավատայինք, որ օրինակ ձեր վարորդները, դուռ բացողները, զոնտիկ բռնողները չկան։ Դուք 86 հազար դոլարանոց «Մերսեդես» եք գնել վերջերս»,-ասաց ավագանու անդամը և տեղեկացրեց, որ Բեվերլի Հիլսի, Լոս Անջելեսի քաղաքապետները ծառայողական մեքենա և վարորդներ չունեն:

Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկրներում վաղուց քրեական գործ կհարուցվեր նման անձի դեմ, իսկ իշող կուսակցությունը նույնիսկ չէր էլ սպասի քրեական գործին, այդ պաշտոնյային անմիջապես կհեռացներ:

«Իսկ մեզ մոտ տպավորություն է, որ այդ թալանած փողերը ձեր մեջ եք բաժանում»,-ասաց Զարոկյանը։

Ցույց տալով Երևանի դպրոցների փոսերով մարզադահլիճների լուսանկարները՝ նա հավելեց. «Գնացեք էդ փոսերը լցրեք, անամոթներ»;

Դրանից հետո Տիգրան Ավինյանն անջատեց նրա  խոսափողը, իսկ Զարոկյանը բղավելով շարունակեց խոսքը:

«Պարո՛ն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ նկատողություն եմ անում: Դուք հնարավորություն այլևս չեք ունենալու խոսելու, ձեր ժամանակն ավարտվեց»,- ասաց Ավինյանը։

Նա ոտքի կանգնած ՔՊ-ական ավագանու անդամներին դիմեց՝ ասելով, որ դատարկաբանությանը, դատարկ, փուչ խոսքերին չի կարելի արձագանքել:

«Երեխաների անվտանգությունից ելնելով ձեր նման անձանցչենք կարող թույլ տալ մտնել դպրոցներ, դուրս եկեք դահլիճից»,-Զարոկյանին դիմեց Ավինյանը:

Այդ ընթացքում Զարոկյանը ոտքի կանգնեց և շարժվեց դեպի դուռը։

ՔՊ խմբակցության մի քանի անդամ  Արման Բարխուդարյանի գլխավորությամբ ոտքի կանգնեցին  և շարժվեցին Զարոկյանի կողմը՝ ասելով. «Արի ստե, ասեմ»։ 

«Անասուն, ոչխար» ասելով Զարոկյանը լքեց դահլիճը:

«Պարոն Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ երևի իր կինն է կանգնած ու մտածում է, որ կարող է անպատիժ դուրս գալ սրանից: Պարոն Զարոկյանին, կարծում եմ՝ օգնության կարիք կա: Վերջ, չենք արձագանքում: Երևանցիները որոշել են, որ պարոն Զարոկյանի նման մարդիկ էլ պետք է լինեն ավագանիում, ստիպված պետք է հանդուրժենք»,- ասաց Տիգրան Ավինյանը:
 

Placeholder
Արի ստե, ասեմ.Անասուն, ոչխար. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց