Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի
Քաղաքական
10:04 18/10/2024
Տարածաշրջան

Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հետ նախատեսված է ուրբաթ օրը՝ Երևանի ժամանակով 17:00-ին, Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական նստավայրում և այն փակ կլինի լրատվամիջոցների համար։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Ուրբաթ օրը Ստամբուլում տեղի կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանային «3+3» պլատֆորմին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի երեկոյան ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ միջոցառման շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության վերաբերյալ վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) խորհրդակցությունների ձևաչափի մեկնարկն առաջարկվել է 2020 թվականի վերջին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից։ Վրաստանը բազմիցս հրավեր է ստացել մասնակցելու այս ձևաչափին, սակայն դեռ չի միացել նրա աշխատանքին։

Ձևաչափի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի մակարդակով,իսկ 2023 թվականի հոկտեմբերին, այն անցկացվել է Թեհրանում։
 

Placeholder
Էրդողանի հանդիպումը «3+3» ձևաչափի ԱԳ նախարարների հետ լրատվամիջոցների համար փակ կլինի