ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը
Իրավունք
17:37 18/10/2024

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանում ՊԵԿ նախկին նախագահ  Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։  

«Մասնավորապես դատարանը պահանջել է հիմավորել առաջինը՝ թե որքանով է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։ ՄԻԵԴ-ը նաև պահանջել է հիմնավորել, թե արդյոք դատական նիստի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար պատշաճ հարմարեցված պայմաններ չապահովելը չի հանգեցրել անձի նկատամամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի։ Կարծում ենք սա սթափեցնող ազդակ պետք է լինի մեր պետության համար, որ հավակնում է մեկ անգամ ևս խախտել մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքները: Նախորդ անգամ ևս միայն ՄԻԵԴ որոշման պատճառով փոփոխվեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը: Հիմա ստացվում է, որ մինչև ՄԻԵԴ-ը չարձանագրի իրավունքի խախտում, մեր պետությունը չի պատրաստվում դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդել է թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր, 

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, որպիսի մեղադրանքները վերջինս չի ընդունում։ Նախկինում, Գագիկ Խաչատրյանը գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ կանչով ընդհատել է հետվիրահատական բուժումը, վերադարձել Հայաստան և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Սակայն արդեն երկու տարի է դատարանը թույլ չի տալիս վիրահատության նպատակով կրկին մեկնել արտերկիր, ինչի վերաբերյալ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ։

 

Placeholder
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը