Մոտ 50 %-ով Հայաստանի զբոսաշրջային փաթեթը թանկացել է. Մեխակ Ապրեսյանը բացատրեց Հայաստան զբոսաշրջիկների հոսքի անկումը
Տնտեսություն
16:55 22/10/2024
Հայաստան

Մոտ 50 %-ով Հայաստանի զբոսաշրջային փաթեթը թանկացել է. Մեխակ Ապրեսյանը բացատրեց Հայաստան զբոսաշրջիկների հոսքի անկումը

Համաշխարհային բանկի հրապարակած վերջին վիճակագրության համաձայն 2024 թ. առաջին կիսամյակում Հայաստանում զբոսաշրջային ժամանումների թիվը 6.1 % անկում է գրանցել, իսկ  զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների հաշվեկշիռը նվազել է 62 %-ով։ Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ 2024 թվականին ՀՀ-ի սահմաններին կամ Արցախում ադրբեջանական ակտիվ ագրեսիա և ռազմական գործողություններ չեն արձանագրվել, բայց զբոսաշրջիկների հոսքը կրճատվում է։ Վերոնշյալ միտումը գնահատելու համար  Panorama.am-ը դիմեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին։

Մ. Ապրեսյան-Միտումը պայմանավորված է երեք հիմնական գործոններով։ Առաջինը՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակներով է պայմանավորված, նաև, որ մի շարք կարևոր շուկաներում՝ ամերիկյան, եվորպական, ճապոնական, դեռևս իրենց արտաքին գործերի նախարարությունների կայքէջերոմ ցավոք կարմիր սահմանագծով է ներկայացվում Հայաստանը, ինչը նշանակում է ոչ այնքան անվտանգ երկիր և խորհուրդ չեն տալիս գալ այստեղ։ Այն հատկապես կազմակերպված տուրիզմին է վնասում։

Նաև ունենք զգալի գնաճ, այդ թվում՝ անհարկի։ Բացի այն, որ ընդհանուր գնաճ ունենք, դրան էլ գումարվել է դրամի մոտ 30 %  արժևորումը և մոտ 50 %-ով մեր զբոսաշրջային փաթեթը թանկացել է։ Այն նույնպես իր բացասական արդյունքն է ունենում։

Այն կարող է կարգավորվել, ընդամենը պետք է, որ մեր քաղաքականությունը տնտեսական, հարկային և մնացածը դիտարկենք և մասնավորն էլ իր գնային քաղաքականությունը վերանայի և ամեն ինչ կընկնի իր տեղը։

Panorama.am-Ինչո՞վ կբացատրեք 62 %-ով զբոսաշրջային ծառայությունների հաշվեկշիռի նվազումը։

Մ. Ապրեսյան-Ընդհանուր գնաճ ունենք։ Կրկնվեմ՝ դրամն էլ է արժևորվել և այն զգալի գնաճի է բերել։ Ցավոք, որոշ ծառայություններով ունենք անհարկի թանկացումներ, այնպես չէ, որ ինքնարժեք է թանկացել կամ նման մի բան։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանից և այլ երկրներից զգալի ներհոսք և միգրացիա եղավ դեպի Հայաստան, այն մի պահ մեծ պահանջարկ առաջացրեց և դրանով պայմանավորված գներն անհարկի թանկացան՝  հատկապես հանրային սննդի ծառայությունները։

Դրանք մինչև հիմա բարձր գներ են և զբոսաշրջային  փաթեթի մասն են կազմում և զգալի թանկանում են։ Այդ գների բարձրացումը միանգամից չի լինում, անցած, նախանցած տարիներին արդեն թանկացել էին։

Panorama.am-Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ սահմաններին կամ Արցախում ռազմական ակտիվ գործողություններ չեղան, սակայն անվտանգային ռիսկերով պայմանավորված զբոսաշրջիկների հոսքը չավելացավ, ընդհակառակը՝ նվազեց։ Ինչպես կբացատրեք այս միտումը։

Մ. Ապրեսյան-Ռիսկային իրավիճակը դեռ չի ավարտվել, զգուշավորությունը դեռ կա, հատկապես, որ Հայաստանը կարմիր սահմանագծերով ներկայացվում է արտասահմանյան երկրների որոշ պաշտոնական կայքերում, այն իր ազդեցությունը շարունակում է ունենալ զբոսաշրջության վրա, ավելի զգուշավոր են դառնում։ Հատկապես խմբերով կազմակերպվող տուրիզմը չի կարողանում վերականգնվել, որովհետև երբ իրենց երկիրը պաշտոնապես կարմիր գծի մեջ է առնում Հայաստանը՝այնտեղի տուրիստական ընկերույթուններն արդեն զգուշավոր են դառնում մեր երկիր խմբեր ուղարկելու հարցում։

Placeholder