Փաստորեն կարելի էր և այդպե՞ս
Քաղաքական
10:43 28/10/2024
Հայաստան

Փաստորեն կարելի էր և այդպե՞ս

Հայկական պոպոքի ու մեղրի փառատոնների արանքում աշխարհը զարմանալիորեն եռում է։ Տոն չեն կարողանում հնարել, թե այլ տկարություն ունեն՝  սակայն փաստ է, որ զբաղված են իրենց դիմագիծը համաշխարհային քաղաքական ու ռազմական շուկաներում ուղղելով։

Անցած շաբաթ Իսրայելը Իրանին հայտնեց, որ հրթիռային հարվածներ է հասցնելու  ու այդպես էլ արեց։ Զարմանալին ոչ «այդպես էլ արեց»-ն է, ոչ էլ  նախապես ասելը։ Այլ, որ Ցախալը զգուշացրեց Իրանին, որ վերջինս պատասխան հարվածներ չպիտի անի։ Ու մասնագետների կարծիքով՝ Իրանի հրթիռակոծումը արվեց, որ Իսրայել-Իրան հակամարտությունը չխորանա։

Փաստորեն կարելի էր և այդպե՞ս։
Դե այս Պատերազմից առաջ հրթիռակոծեինք ադրբեջանական ռազմական կետերը, զգուշացնեինք, որ հանկարծ չելնենք-չիմանանք, որ պատասխան հարված է ուզում հասցնել, Պատերազմ էլ չէր լինի, Արցախի Հանրապետությունն էլ անկախ կմնար։ Չէ, չէր լինի, արծրուն հովհաննիսյանը չէր թողնի. Իբր մի օդանավակայան էինք ռմբակոծել իր ասելով, այն էլ պարզվեց, որ թատերականացված ներկայացում էր հայկական հանդիսատեսի համար, ոչ մի բան էլ չէինք ռմբակոծել։  Նույնիսկ Իսկանդերների՝ նիկոլի ասած 10 տոկոսի ուժով։

Վրաստանում ընտրություններ էին, ավարտվեցին։ Եվրոպան... կներեք՝ վրացական ընդդիմությունը պարտվեց։ Չխորանալով ազգային ուժերի, իշխանության հաղթանակի, վրացական նախագահ-կառավարություն՝ Հայաստանում նախադեպը չունեցած ոչ միասածի լինելու մասին, ասեմ, որ ընդդիմությունը հայտարարեց, որ չի ընդունում ընտրության արդյունքները։

Փաստորեն կարելի էր և այդպե՞ս։
Ոչ թե մտնել ԱԺ,  լիգիտիմացնելով փաշինյանյան ընտրությունների արդյունքները, նախապես իմանալ, որ խորհրդարանական ընդդիմությունն իր քանակով երբեք ոչ մի բան չի որոշելու ոչ ԱԺ-ում, ոչ էլ ուրեմն երկրում։ Ու այդպես անց կացնել մսխած տարիներ՝ ժամանակ առ ժամանակ լեզվակռիվ ցույց տալով մերոնց պես։

Ինչու՞ չարեցին, փաստորեն այլ հնարավորություններ էլ կային, հա՞։

Անահիտ Ոսկանյան

 

Placeholder