Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում. ԺՊ-ն ազատել է նախկին տնօրենին
Կրթություն, գիտություն
12:50 29/10/2024
Հայաստան

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում. ԺՊ-ն ազատել է նախկին տնօրենին

Վերջերս սկանդալային պատմության մեջ հայտնված թիվ 20 դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ Քրիստինե Դումանյանն աշխատանքից ազատել է դպրոցի երկարամյա տնօրեն, այժմ ուսուցիչ աշխատող Անահիտ Խոսրովյանին։ Խոսրովյանը դեմ էր արտահայտվել Դումանյանի նշանակմանը և լրատվամիջոցներով հայտնել էր իր կարծիքը՝ նոր ԺՊ-ի նշանակման հետ կապված, ինչն էլ, թերևս, եղել է նրա ազատման պատճառը։


Անահիտ Խոսրովյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ներկայացրել է իրեն ազատելու պատճառները․ «Ամեն բան գնում էր դրան, որ չմնամ դպրոցում աշխատելու։ Իրենք փնտրում էին օրենքի այդ կետերը․․․ սկզբում ասում էին՝ չկա անձնական գործը, հետո հասկացան, որ հրամանները կան բոլորի, դրա հիման վրա էին ուզում աշխատանքից ազատել։ Հիմա էլ, թե` դաստիարակության գծով փոխտնօրեն եմ եղել և դասաժամեր եմ պարապել, բայց անհրաժեշտ էր, որ, օրենքի համաձայն, երկու անգամ հայտարարություն տալուց հետո նոր պարապեի, բայց դե ես վաղուցվա դասաժամեր պարապող անգլերենի ուսուցիչ եմ, տնօրեն էլ եմ եղել, դասաժամերը չեմ թողել, ես միշտ պարապել եմ։ Իմ աշխատանքային գրքույկում էլ է գրված՝ պահպանելով անգլերենի դասաժամերը։ Բայց քանի որ ցանկությունը շատ մեծ էր, որ ես դպրոցում չմնայի, կառչեցին այդ կետից՝ «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդի 5-րդ կետը, որ խախտում է եղել։ Ես դիմում էի գրել, որ ինձ ազատեք դաստիարակության գծով փոխտնօրենի պաշտոնից, նշանակում է կմնային ժամերը, իսկ ժամերը հիմնավորված չեն, մնաց՝ դուք ազատված եք աշխատանքից։ Ուղղակի աբսուրդի ժանրից է»։

Placeholder