Ֆարմանյան. Ընդդիմությունը հիմա պիտի վարկերի տակ ճռռացող մարդկանց  ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ
Քաղաքական
13:44 01/11/2024
Հայաստան

Ֆարմանյան. Ընդդիմությունը հիմա պիտի վարկերի տակ ճռռացող մարդկանց ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ

«Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճռռացող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ կամ արդեն ճիշտ կլինի ասել՝ սթեյք առ սթեյք, նրանց ցոփ ու շվայտ կյանքը, լեքսուսներն ու հերմեսները»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու շարունակում.

«Նրանց ի ցույց դներ, որ իշխանության համար իրենք շատ վաղուց ոչ միայն հպարտ չեն, այլ նաև հաջողակ էլ չեն, ուղղակի տուգանքի ու խաբելու մատերիալ են:

Հաջողակ չեն, քանի որ չունեն 1 մլն. դրամ, որ համարվեն հաջողակ ու մասնակցեն այդ բարձրաշխարհիկ ընթրիքներին ու իմանան ինչ համ ունի կոբե բիֆն ու թագավորական կարմիր ծովախեցգետինը, մոտիկից տեսնեն ինչ բան է վերջին դասի լեքսուս մեքենան ու հերմես պայուսակը:

Եթե, իհարկե, իրենք էլ համաձայն չեն, որ հաջողակ լինելու չափանիշը հենց քեշ փողն է, ուտելիքը, գուչչի պայուսակն ու առնվազն 1 մլն. դրամը:

Ու ամենամեծ պարադոքսն այն է, որ ընդդիմության անգործության պայմաններում իշխանության հենարանը շարունակում են մնալ հենց այդ մարդիկ՝ սոցիալապես անապահով, աղքատ ու դիփ խաբված:

Հիմնականում գյուղաբնակ: Մարդիկ, որոնք իրենց երեխաների արյունով ու իրենց դառը ճակատագրով՝ այսօրվա անապահով կյանքով ու խորը հիասթափությամբ փոխհատուցեցին իշխանության դավաճանությունն ու տգիտությունը, խաբեությունն ու անբարոյականությունը»։

Placeholder